Պայքարի մեջ են մտնում ազատ ոճայինները
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Ֆրանսիայի Մակոն քաղաքում մեդալների համար պայքարը կսկսեն ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցները: 50, 60, 74 և 96 կգ քաշային կարգերի 98 ըմբիշներ կխաղարկեն ստուգատեսի 16 պարգևները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նրանց մրցապայքարին մարզաձևի ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի և նրա օգնական Արմեն Մալխասյանիղեկավարությամբ կմասնակցեն նաև Հայաստանի 4 պատվիրակներ:
Երեկ երեկոյան տեղի ունեցած վիճակահանության արդյունքներով մրցումային առաջին օրվա մասնակիցներն իմացել են իրենց մրցակիցներին: Հայաստանի ներկայացուցիչներին առաջին գոտեմարտերում այսպիսի մրցակիցներ են բաժին հասել.
50 կգ, 22 մասնակից՝ 1/8-րդ փուլ, C մրցագորգ՝ Արման Անտոնյան-Ռոբերտի Դինգաշվիլի (Վրաստան): 60 կգ, 24 մասնակից, 1/16-րդ փուլ, A մրցագորգ՝ Հարություն Բարսեղյան-Նուրջան Սեյթջան (Ղազախստան): 74 կգ, 27 մասնակից, 1/16-րդ փուլ, B մրցագորգ՝ Տիգրան Մնացականյան-Մուրադ Սուլեյմանով (Ադրբեջան):
96 կգ, 25 մասնակից, 1/16-րդ փուլ, B մրցագորգ՝ Սարգիս Հովսեփյան-Ֆեյզուլա Ակթուրք (Թուրքիա):
Ավետիք Վարդանյանի սաներին անցյալ տարի օգոստոսի 11-16-ը Բրազիլիայի Սալվադոր Դե Բայա քաղաքում կայացած 2015 թ. աշխարհի երիտասարդական առաջնությունում չի հաջողվել մեդալ նվաճել, իսկ ահա այս տարի հունիսի 21-26-ը Բուխարեստում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ՀՀ պատվիրակներից Տիգրան Մնացականյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը (84 կգ) արժանացել են բրոնզե պարգևի, իսկ Մխիթար Գրիգորյանը (55կգ) գրավել է 5-րդ տեղը:
Սարգիս Հովսեփյանն այսօր Մակոնում առաջին անգամ ուժերը փորձելու է իր համար նոր ՝ 96 կգ քաշային կարգում և հենց առաջին գոտեմարտում նրան բավական լուրջ մրցակից է սպասում ՝ 96 կգ քաշային կարգի երիտասարդների 2016 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, թուրք ըմբիշ Ֆեյիզուլահ Ակթուրքը: