Հայաստանի հավաքականը հոգեբանորեն պարտվել էր առաջին իսկ րոպեից
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղն անցկացրեց` Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում` հյուրընկալվելով Դանիայի հավաքականին: Չեխերի հետ կայացած ընկերական հանդիպումից հետո, որտեղ Վարուժան Սուքիասյանի սաները երեք անպատասխան գնդակ էին ընդունել սեփական դարպասը, շտապեցինք որակել որպես փորձարկում` հույս ունենալով, որ պաշտոնական խաղում պատկերը բոլորովին այլ կլինի: Սակայն դանիացիների հետ խաղում մեր ընտրանին խաղադաշտ դուրս եկավ 5 պաշտպանով:
Վարուժան Սուքիասյանի մարզտավարությունը, ըստ էության, պարտվողական էր, քանի որ նման բարձր մակարդակի հանդիպումներում, երբ նպատակ է դրվում ընդամենը գնդակ բաց չթողնել, տեղի է ունենում հակառակը: Այդպես էլ եղավ: Հանդիպման 15-րդ րոպեին դանիացիների հաջողվեց բացել հաշիվը: Վիկտոր Ֆիշերի հետ պատ խաղարկելուց հետո հիանալի դիրքում հայտնվեց Քրիստիան Էրիկսենը և հստակ հարվածով գնդակն ուղարկեց ձախ ստորին անկյունը: Մեր պաշտպանները ոչինչ անել չկարողացան:
Գոլից հետո էլ, նման մարտավարության պատճառով, մեր ընտրանին գամվեց սեփական դարպասին և գրոհներ կազմակերպելու ռեսուրսներ պարզապես չուներ: Ըստ էության` կիսապաշտպանությունում Հենրիխ Մխիթարյանի ու Կառլեն Մկրտչյանի բացակայությամբ մեր ընտրանին ամբողջովին զիջել էր նախաձեռնությունը և խաղի կազմակերպչի բացակայության պայմաններում օղակների միջև կապը գրեթե զրոյական մակարդակի էր:
Սկզբնական լարվածությունը, հուրախություն մեզ, շատ արագ հաղթահարեց մեր ընտրանու դարպասապահ Արսեն Բեգլարյանը, և հետագա ժամանակահատվածում ցուցադրեց փայլուն խաղ` այլապես հաշիվը կարող էր շատ խոշոր լինել: Հանդիպման 71-րդ րոպեին Վիկտոր Ֆիշերի նկատմամբ կանոնները խախտեց Հովհաննես Համբարձումյանը, և գլխավոր մրցավարը ցույց տվեց 11 մետրանոցի նշակետը: Քրիստիան Էրիկսենն իրացրեց այն, բայց Բեգլարյանը հետ մղեց գնդակը, ապա Յուսուֆ Պոուլսենի հարվածից հետո գնդակը հանեց անկյունային: Հաշիվը մնաց նույնը` 1:0, որը պահպանվեց մինչև հանդիպման ավարտը:
Կազմում ունենալով Սարկիսովի նման արագաշարժ ֆուտբոլիստ` Վարուժան Սուքիասյանն այդպես էլ նրան ասպարեզ դուրս չբերեց, երբ ակնհայտ էր, որ հակագրոհների ժամանակ թիմի արագությունը խիստ կաղում է: Փոխանցումների խոտանը սարսափելի բարձր էր: Թիմը հաղթելու նպատակ չուներ, չէր հավատում սեփական հաջողությանը, այլ ուներ հոգեբանական լուրջ խնդիր` առաջատարների բացակայության դեպքում:
Ինչևէ, որևէ պարզաբանում, թե ինչու պարտվեցինք, անտրամաբանական կհնչի, քանզի մեր ընտրանին հոգեբանորեն պարտվել էր առաջին իսկ րոպեից սկսած: