Բարերարն Արցախին մեքենաներ է նվիրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է բարերար Արթուր Վարժապետյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրների իրականացման գործում հայրենիքին ցուցաբերած աջակցության համար և ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի` Բակո Սահակյանն Արթուր Վարժապետյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:
Այնուհետև Նախագահ Սահակյանը և Արթուր Վարժապետյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մասնակցել են ԼՂՀ մի շարք պետական կառույցների` բարերարի կողմից նվիրաբերված ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: