Կարո Եղնուկյանի մեղադրանքը գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները. Փաստաբան
Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը մասնավորեցրեց իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը.
«Նրան մեղադրում են չորս գործողություն կատարելու մեջ՝ առաջինը որ նա տեղեկություն է հրապարակել զինտեխնիկայի շարժի մասին, միջոցներ է ձեռնարկել Ազատության հրապարակում հավաքված անձանց տեղափոխել ՊՊԾ գնդի տարածք, տեղեկություն է տարածել, թե իբր Սասնա ծռերին իրավապահների կողմից փոխանցված սննդից տղաները թունավորվել են՝ դրանով իսկ հեղինակազրկելով իրավապահներին, նաև՝ ձգտել է ռադիոկապով ապահովել «Սասնա ծռերի» տղաներին»:
Փաստաբանի խոսքով, քրեական գործի նյութերում չկա որևէ փաստ, որևէ նյութ, որը կհիմնավորեր առաջադրված մեղադրանքը:
«Ընդհակառակը՝ դատարան ներկայացվել են չորս այլ հեռախոսային ձայնագրություններ, որոնք ընդհանրապես կապ չունեն այս մեղադրանքի հետ: Այդ հեռախոսային գաղտնալսումները, և չորսից երեքում Կարո Եղնուկյանը խոսել է իր տիկնոջ՝ Ռուզաննայի հետ: Երկու խոսակցություն վերաբերել է թունավորումներին, Կարոն ասել է, որ իր տեղեկություններով տղաներից մի քանիսը իրենց վատ են զգացել, հավանաբար թունավորումը եղել է սննդի վատ որակից, կամ եղել է ժամկետանց պահածոներից: Կինը այդ խոսակցության ժամանակ հարցրել է՝ հրապարակե՞մ, ասել է՝ կարիք չկա: Վերջ, այսքանն է եղել: Այսինքն՝ մեղադրանքն առաջադրվել է բոլորովին այլ փաստերի հետ կապված, դատարան ներկայացվել են բոլորովին այլ փաստեր», -ներկայացրեց Հայրապետյանը:
Փաստաբանը նկատեց, որ մեղադրանքը, որն առաջադրել են Եղնուկյանին ինչ-որ հանցագործություն կատարելուն օժանդակելու համար՝ անհեթեթ է, քանի որ հանցագործություն կատարած հանցագործները չկան:
«Եղնուկյանին ասում են, թե նա աջակցել է Պավել Մանուկյանին, որպեսզի նա պատանդներին երկար պահի, բայց Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքում չկա ոստիկան պատանդներին երկար պահելու մեղադրանք: «Սասնա ծռերից» որևէ մեկին նման մեղադրանք առաջադրված չկա: Ավելի անհեթեթ մեղադրանք հնարավոր չէ ձևակերպել», -ներկայացրեց Հայրապետյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն որևէ արձագանք չկա դրանց: Սեպտեմբերի 7-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայց է ներկայացվել դատախազի անգործության դեմ:
Փաստաբանի բողոքներին ու նամակներին չի պատասխանել նաև քրեական գործը վարող Հատուկ քննչական ծառայությունն ու դրա ղեկավարը:
«Սա ցույց է տալիս, որ քննչական մարմնի ղեկավարը չի կարողանում վերահսկել այս ամբողջ մեղադրանքները, չի պատկերացնում՝ ում ինչ մեղադրանք է առաջադրված: Այն տպավորություն է, որ մեղադրանքը գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները», -հավելեց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- Դուք Կարո Եղնուկյանի եղունգն արժե՞ք. Պարույր Հայրիկյան
- Ակցիա գլխավոր դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն Եղնուկյանի
- Կարո Եղնուկյանին թվացե՞լ է, որ իրեն հետևել են. Ոստիկանության պարզաբանումը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան