Կարտոֆիլագործներն անելանելի վիճակում են
Լոռու մարզի Արևածագ գյուղի բնակիչ Արթուր Մելիքսեթյանը կարտոֆիլի 10 հա ցանքատարածություն ունի: Յուրաքանչյուր հա-ի համար ծախսել է միջին հաշվով 2.5 մլն դրամ՝ տնկանյութի գումարը ներառյալ: Մեկ հեկտարից լավագույն դեպքում ստանում է 25-30 տոննա կարտոֆիլ: Հիմա մեծածախ գնորդները նախկին 100 դրամի փոխարեն 1 կգ կարտոֆիլի համար առաջարկում են 70-80 դրամ:
«Էդ 100 դրամն էլ արդեն մեզ համար անդունդի եզրին խաղ էր: 70-80 դրամն ինքնարժեքից ցածր գին է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մելիքսեթյանը, ով նաև Լոռու մարզի կարտոֆիլագործների ասոցիացիայի անդամ է:
Երևանի շուկաներում նրանք մոնիտորինգ են իրականացրել, տեսել են, որ կարտոֆիլի գինը չի նվազել:
Լոռու և Շիրակի կարտոֆիլագործները որոշել են միավորել ուժերը, կտրուկ քայլերի դիմել: Այս պահին հրաժարվում են կարտոֆիլ վաճառելուց: Ուսումնական տարվան նախորդող օրերին արդարացվել է միայն այն մարդկանց՝ կարտոֆիլի վաճառքը, ովքեր դպրոցական երեխաներ ունեն:
«Այսպես թե այնպես մենք վնաս ենք կրում, ավելի լավ է չծախենք»,-ասաց Մելիքսեթյանը:
Նրա խոսքով, այս տարի կարտոֆիլի աճեցման վրա կատարած ծախսերը նախորդ տարիների համեմատ շատ են եղել: Եղանակը խոնավ էր, շատ բուժումները էին անհրաժեշտ:
Լարսի՝ մի քանի շաբաթ փակ լինելը, Արարատյան դաշտավայրում կարտոֆիլի ցանքատարածությունների մակերեսի ավելացումը ևս բացասական ազդեցություն են թողել Հայաստանի հյուսիսային շրջանների գյուղատնտեսների վրա:
«Մենք ինչ-որ բանի դեմ չենք պայքարում, մենք մեր շահերն ենք ուզում պաշտպանել»,-արդարանում է լոռեցի հողագործն ու բացատրում, որ նախորդ տարիներին Արարատյան դաշտի գյուղատնտեսները պոմիդորի, վարունգի մթերման հետ խնդիրներ ունենալուց հետո որոշել են կարտոֆիլ աճեցնել: Շուկայում կարտոֆիլի քանակն ավելացել է, գինը՝ ընկել:
«Մենք ուզում ենք ոլորտում գործող օղակների հետ նստենք, քննարկենք, մի ճար գտնենք: Եթե ըսենց գնա, հաջորդ տարի կարտոֆիլի դիֆիցիտ կլինի Հայաստանում: Հիմա մեկ-երկու տարվա մեջ մարդիկ խաղողի այգիները քանդելու են, սկսեն ծիրանի այգիներ հիմնել, հետո էլ ծիրանը կշատանա, կէժանանա»,-մտահոգվում է նա:
Գյուղատնտեսը գործընկերների հետ ոլորտում առկա խնդիրները շատ է քննարկել, մի բան հստակ է՝ խնդիրների լուծման համար համակարգված մոտեցում չի ցուցաբերվում:
«Մենք ասում ենք, պետք է լինի ոչ թե գյուղատնտեսության, այլ գյուղի զարգացման նախարարություն: Ամեն խնդիր ընդհանուր համատեքստում պետք է դիտարկվի»,-ասաում է Մելիքսեթյանը:
Եթե հիմա չկարողանան սպառել կարտոֆիլը, մի քանի օրից էլ շուկա է գալու Գեղարքունիքի կարտոֆիլը:
Մելիքսեթյանի պես իրենց անելիքը չգիտեն ու կարտոֆիլի մեծ մասը դաշտում են թողել Լոռու Կուրթան, Վարդաբլուր, Յաղդան, Կողես ու այլ համայնքների բնակիչները: Միայն Արևածագ գյուղում 400 հա վարելահողից 200-ում կարտոֆիլ են աճեցրել:
«Մեզ ասեցին՝ մշակեք, կարտահանենք Ռուսաստան: Հիմա թողել ենք հողում, ծախս անենք, հանենք, ի՞նչ անենք»,-նշեց նա:
Շիրակի ու Լոռու կարտոֆիլ արտադրող խոշոր և միջին ֆերմերները մտադիր են սեպտեմբերի 7-ին ժամը 12:00-ին Շիրակի մարզի Ազատան համայնքի գյուղապետարանի դահլիճում կազմակերպել հանդիպում-քննարկում Հայաստանի կարտոֆիլագործության ոլորտում առկա խնդիրները վերհանելու և միասնաբար լուծում գտնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ԳՆ պարզաբանումը՝ կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ
- Ներկրված կարտոֆիլի պատճառով գյուղացիները չեն կարողանում իրացնել իրեն բերքը. «Ժողովուրդ»
- ԳՆ պարզաբանումը. Ներկրմանը զուգահեռ կարտոֆիլն արտահանվել է
- Բերբերյան. Կարտոֆիլի շուկան հայ արտադրողին է
- Մինչև տարեվերջ կհետաձգվեն խաղող մթերած գյուղացիների վարկերի մարումը. Արթուր Ջավադյան
- Կաղամբի երկիր կաղամբ է ներմուծվում. «Գազը թանկ է, հոսանքը թանկ է»
- Գյուղացին կանգնել է խնդրի առջև… Կարտոֆիլը, կաղամբը շատ է, իրացում չկա
- Գյուղնախարարը Լոռիում խոստացել է կաղամբը մթերել, հակակարկտային կայան ու վարկ տրամադրել