Կրթության համակարգի ինստիտուցիոնալ ճգնաժամը
Այն, որ Հայաստանում սոցիալական ինստիտուտները (գիտությունը և կրթությունը, արդարադատությունը, անվտանգությունը, պետական կառավարումը, ընտանիքը և այլն) տարիներ ի վեր ապրում են ոչ թե զարգացման, այլ՝ ճգնաժամի տրամաբանությամբ, ակնհայտ է:
Պետք է նաև փաստել, որ այդ ճգնաժամը կրում է ոչ թե սիտուատիվ կամ հատվածային, այլ՝ ինստիտուցիոնալ բնույթ, ինչը նշանակում է, որ նշված սոցիալական ինստիտուտներում արատավոր մի շարք երևույթներ ձեռք են բերել համակարգաստեղծ նշանակություն և այլևս որոշում են տվյալ կառույցի գործունեության ոճը և «ճակատագիրը»:
Մասնավորապես, կրթության համակարգի ճգնաժամը պայմանավորված է մի շարք գործողություններով, որոնք տարիների ընթացքում դրսից ներթափանցել կամ ձևավորվել են այդ ինստիտուտում և, չհանդիպելով լուրջ խոչընդոտներ, լայնորեն տարածվել, ճյուղավորվել և արմատավորվել են դրանում՝ արդեն ձեռք բերելով համակարգաստեղծ նշանակություն:
Դրանք են կրթության նկատմամբ հանրության արժեքային ոչ ռացիոնալ մոտեցումը, սովորողների մոտ ուսանելու բավարար մոտիվացիայի բացակայությունը, սովորողների ոչ բավարար չափով (առավելապես՝ կրավորական) ինքնուրույն ներգրավվածությունը կրթական գործընթացին, կոռուպցիան, տնտեսության առկա ճյուղերի հետ կրթության ոլորտի կապի բացակայությունը, հանրակրթության և բուհական կրթության ծրագրերի միջև բովանդակային և տրամաբանական անհամապատասխանությունը, հանրակրթության ոլորտում ոչ գիտական /ազգային, ժամանցային/ առարկաների ներմուծումը, բուհերում կրթական գործընթացի կտրվածությունը պրակտիկայից և այլն:
Հիմնախնդիրների մի առանձին շարք էլ կապված է կրթության աշխարհայացքային և էթիկական ասպեկտների հետ, որոնց առնչվում են, օրինակ, մարդու կյանքում ռացիոնալ մտածողության և գիտելիքի դերի, ճանաչողության նշանակության, ինքնության (օր. ազգային-մշակութային էակ, կամ սոցիալական և քաղաքական մարդ) և դրա դրսևորումների հետ կապված հարցերը:
Կրթության ոլորտում առկա հիմնախնդիրների ցանկը կարելի է շարունակել՝ ներառելով նաև դասավանդողների ընտրության, սովորողների ուսման վերահսկողության, ծնողկոմիտեների դերի հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր: Սակայն թվարկվածն էլ բավարար է փաստելու համար, որ կրթության ոլորտում կուտակված խնդիրները արդեն միայն համակարգային լուծում են պահանջում:
Վերջինս հնարավոր է Հայաստանում «կրթության փիլիսոփայության»՝ կրթության բովանդակության և նպատակի, դրա սոցիալական արժեքի, աշխատաշուկայի պահանջարկի, տնտեսության զարգացող ճյուղերի հետ կապի հարցերը քննարկելու և վերաիմաստավորելու միջոցով:
Ոլորտի ղեկավարներից սա պահանջում է առավել մեծ պատասխանատվություն և, որ ավելի կարևոր է, վճռականություն, քանի որ կրթության ողջ համակարգը Հայաստանում առ այսօր կիսում են խորհրդային տարիներից իներցիայի ուժով գործող ավանդույթները (ինչպես նաև կրթության մասին ազգային-ավանդական պատկերացումները) և արևմտյան կրթական համակարգերից ստացված նորամուծությունները, որոնք շատ դեպքերում անհամատեղելի են ավանդույթների և պատկերացումների հետ:
Որքան կրթական համակարգի հիմնահարցերը հնարավոր չէ լուծել՝ բարեփոխելով միայն կրթության ոլորտը, այնքան էլ մյուս ոլորտների հիմնախնդիրները հնարավոր չէ լուծել՝ չունենալով լավ կրթական համակարգ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները