Ռոբերտ Հովհաննիսյանը` «Գյումրի-2016» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող
Գյումրիում ավարտվել է արագ շախմատի մրցաշարը, որին մասնակցում էին 128 շախմատիստներ: Մրցաշարի մասնակիցների թվում էին 6 գրոսմայստեր, 1 կին գրոսմայստեր, 4 միջազգային և 3 ՖԻԴԵ-ի վարպետ:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել Ռոբրետ Հովհաննիսյանը, ով 8 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է 7 միավոր վաստակած Տիգրան Քոթանջյանը: Միանգամից 4 շախմատիստներ վաստակել են 6,5-ական միավոր և կիսել 3-6-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Նորայր Թորոսյանը:
Մրցաշարում սահմանված էին նաև հատուկ մրցանակներ: Մասնավորապես, մինչև 12 տարեկանների մեջ լավագույն արդյունքը գրանցել է Մամիկոն Ղարիբյանը: Մինչև 2200 գործակից ունեցողների մեջ լավագույնը ճանաչվել է Գառնիկ Ներսիսյանը:
Կանանց պայքարում ամենաբարձր արդյունքը գրանցել է Անի Մարտիրոսյանը: Հատուկ մրցանակ է ստացել նաև վետերան շախմատիստների մեջ լավագույն արդյունքը ցույց տված Հենրիկ Փաշայանը: Կազմակերպիչները հատուկ մրցանակ էին սահմանել նաև գործակից չունեցող շախմատիստների շրջանում լավագույն արդյունքի համար, որը բաժին է հասել Գևորգ Վարդանյանին: