Հայաստանում հայ-վրացական համատեղ ձեռնարկությունների հիմնումը՝ հեռանկարային Վրաստանի համար
«Վերջին տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվում երկու երկրների իշխանությունների միջև, և հայ-վրացական հարաբերությունները նկատելի առաջընթաց են արձանագրել»,-այս մասին նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ այսօր կառավարությունում պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի համար Վրաստանի դերն ու նշանակությունը կարևորվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում:
«Վերջին տարիներին հայ-վրացական փոխհարաբերություններն աչքի են ընկնում դրական առաջընթացով. եղել են բարձր մակարդակի մի շարք պաշտոնական փոխայցեր, որոնք նպաստում են մեր հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով: Ուրախալի է այն փաստը, որ մեր երկրների միջև տնտեսական բնագավառում համագործակցության մակարդակը բարձր է, և արդյունավետ է աշխատում համատեղ միջկառավարական հանձնաժողովը»,-ընդգծել է Վրաստանի վարչապետը::
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հեռանկարային կարող է լինել նաև Հայաստանում հայ-վրացական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, ինչը կդյուրացնի վրացական ընկերությունների մուտքը Եվրասիական տնտեսական միության միասնական շուկա: Վրաստանի վարչապետը ողջունել է այդ գաղափարը և առաջարկել համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել հետագա քայլերը:
Վրաստանի վարչապետը, անդրադառնալով բնական աղետների պատճառով Վերին Լարսի անցակետում առաջացող խնդիրներին, նշել է, որ Հայաստանի և Վրաստանի տրանսպորտի նախարարություններն ակտիվ համագործակցում են և ջանքեր գործադրում դրանց վերացման ուղղությամբ: