Շարմազանով. Միասնության հաղթական ոգին էր, որ թույլ չտվեց ադրբեջանցիներին հաջողություն գրանցել
Աշխարհը պետք է դատապարտի ոճրագործներին, ինչպես նաև պայքարի թուրքական ժխտողականության դեմ, քանի որ ցեղասպանության ժխտումը նույնքան հանցավոր է, որքան ցեղասպանության իրականացումը: Այս մասին հայտարարել է Արգենտինայում աշխատաքային այցով գտնվող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ելույթ ունենալով Արգենտինայի հայ առաջնորդարանում:
Նա ընդգծել է, որ մարդկության դեմ իրագործված ոճրագործությունները վաղեմության ժամկետ չունեն, ապա շնորհակալություն է հայտնել բարեկամ Արգենտինային, որ ընդունել և օրենքի ուժով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:
«Պատահական չէր, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հունիսին Հայաստան կատարած իր այցի ժամանակ խոսելով Հայոց ցեղասպանության մասին, հայտարարեց. «Ես որևէ այլ բառ չգիտեի, քան Ցեղասպանությունը»: Իսկ մինչ այդ՝ Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ, իրավացիորեն նշեց. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև որտեղ հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը, իսկ թաքցնել հանցանքը նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի»»,-ասել է ԱԺ փոխնախագահը:
ԱԺ փոխխոսնակն իր ելույթում անդրադարձել է նաև հայ ժողովրդի միասնության անհրաժեշտությանը: Նա ընդգծել է.
«Ապրիլյան քառօրյա պատերազմը վերահաստատեց, որ մի քանի ժամում ողջ հայությունը կարող է համախմբվել համընդհանուր գաղափարի շուրջ, այն է՝ պայքարել հանուն ազատ և անկախ Արցախի: Հենց այդ միասնության հաղթական ոգին էր, որ թույլ չտվեց ադրբեջանցիներին հաջողություն գրանցել: Սակայն մեր պայքարը դեռ չի ավարտվել. մենք պետք է համախմբվենք հանուն համահայկական խնդիրների լուծման: Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է միասնություն և համերաշխություն»:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Շարմազանովը նշել է՝ համատեղ ջանքերի շնորհիվ պետք է հասնել նրան, որ միջազգային հանրությունը հարգի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքն ու ճանաչի Արցախի անկախությունը, քանի որ ազատ և անկախ Արցախի գոյությանն այլընտրանք չկա: