Վրաստանի վարչապետի այցը լավատեսական տրամադրություններ է առաջացնում. Վրացագետ
Վրաստանի ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի, հատկապես վարչապետի այցելություն Հայաստան բնական է, որ մեր երկրում պետք է լավատեսական տրամադրություններ առաջացնի: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը՝ մեկնաբանելով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցելությունը Երևան:
Նշենք, որ Վրաստանի վարչապետի օդանավը քիչ առաջ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Ավելի վաղ կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացրել էին, որ այցի շրջանակում նախատեսվում են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Վրացագետի եզրակացությամբ, երկու երկրների միջև շփումների այնպիսի ձևաչափ է ստեղծվել, որ ցանկացած խնդիր առաջանալու դեպքում մեծ հավանականություն կա դրանք երկխոսության միջոցով լուծելու համար:
«Նման իրավիճակը պայմանավորված է ինչպես ներկայիս զարգացումներից, այնպես էլ երկու երկրների քաղաքական ակտիվ շփումներից. բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվ դինամիկան կրկին փաստում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև բարձր մակարդակի հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում, և հետագա համագործակցության համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում: Երկխոսության բարձր մակարադակն այսօր հնարավորություն է տալիս հայ-վրացական հարաբերություններում առաջացող ցանկացած խնդիր լուծել շատ պարզ և հեշտ », -նկատեց վրացագետը:
Նա տեղյակ չէ, թե ինչ նոր ծրագրերի մասին է քննարկվելու երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև հանդիպումների ժամանակ, բայց վստահ է, որ ընթացքում գտնվող ծրագրերը դրական զարգացում կունենան:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է վարչապետի այցի մեջ քաղաքական ենթատեքստ կա՝ հաշվի առնելով այդ երկրում սպասվող ընտրությունները և դրանց վրա հայկական համայնքի ազդեցությունը, վրացագետը պատասխանեց.
«Բնական է, որ Վրաստանում հայկական մեծ համայնք կա և այս այցելությունը որոշակիորեն կարելի է կապել սպասվող ընտրությունների հետ՝ դիվիդենտների առումով: Բայց դա որոշակիորեն, շատ քիչ է կապը, քանի որ նման այցելությունները նախապես են ծրագրվում»:
Վրացագետը նկատում է, որ Իվանիշվիլին և Վրաստանի նախկին վարչապետ Վ. Ղարբաշվիլին ունեին հստակ քաղաքականություն՝ հարևանների հետ փոխհարաբերությունները դնել դրական ու բալանսավորված մակարդակի վրա:
«Եթե նախկինում Վրաստանը պրոթուրքական և պրոադրբեջանական քաղաքականություն էր վարում, ապա այժմ՝ վերջին մի քանի տարիների ընթացքում նկատելի է, որ նրանք դրական առումով փոխվել են նաև Հայաստանի կողմը: Կարծում եմ, որ այս քաղաքականությունը ևս դրական ազդեցություն ունեցավ հայ-վրացական հարաբերությունների սերտացման ու ակտիվ զարգացման վրա», -հավելեց վրացագետը:
Սպասվող ընտրությունների արդյունքում եթե իշխանափոխություն տեղի ունենա, ապա Էրոյանցի խոսքով, հնարավոր է Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություն կատարվի: Բայց այդպիսի փոփոխություն, նա չի կանխատեսում, եթե իշխող քաղաքական ուժը և գործող վարչապետը մնան երկրի կառավարման ղեկին: