«Նրա ապրելակերպը բնորոշ էր համեստ մտավորականին». ԱԺ նախագահը՝ Հրաչյա Թամրազյանի մասին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Մատենադարանի տնօրեն, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Ազգային ժողովի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է.
«Հրաչյա Թամրազյանը մտավորականի և մարդու այն տեսակն էր, ում մտածելակերպը գեղարվեստական խոսքի և խոհի, անկեղծ ապրումների ամբողջություն էր, ում ապրելակերպը բնորոշ էր համեստ մտավորականին, ով անդավաճան նվիրյալն էր թե՛ մշակույթի, թե՛ մարդկային անկեղծ փոխհարաբերությունների, ում հետ շփվելիս քեզ զգում էիր իսկապես մարդկային միջավայրում, ում պոեզիան կարդալիս հայտնվում էիր հենց բանաստեղծության մթնոլորտում, ում թարգմանություններն ընթերցողի համար դառնում էին բնօրինակ, ում գրականագիտական միտքը հասանելի էր անմիջականորեն, ում խոսքը խորն էր, բարդ, բայցև միաժամանակ պարզ, զերծ ձևականությունից ու պայմանականությունից, ով մնում էր ընկեր ու գիտնական` անկախ իր զբաղեցրած պաշտոնից:
Հրաչյան Թամրազյանների մտավորական ընտանիքի ավանդույթների արժանապատիվ շարունակողն էր, ով իր կյանքով, գործով ու կերպարով ստեղծեց մնայուն պատմություն, որը որպես հիշողություն՝ միշտ կենդանի կմնա նրա բացակայությունն զգացող ընտանեկան, ընկերական ու գրականագիտական միջավայրում:
Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություններս եմ հղում Հրաչյա Թամրազյանի ընտանիքին, հարազատներին ու բոլոր նրանց, ում համար Հրաչյան մնում է չմոռացվող ընկեր, վաստակաշատ մտավորական ու մաքուր մշակույթի մարդ»:
Հրաչյա Թամրազյանի սգակիր ընտանիքին այսօր ցավակացական խոսք է հղել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուղերձում ասված է.
«Սեպտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Թամրազյանների սգակիր ընտանիքին՝ Ս․ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ։
Ամենայն Հայոց Հայրապետի ցավակցագրում ասվում է․ «Ցավով տեղեկացանք բազմավաստակ մտավորական, Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Տիար Հրաչյա Թամրազյանի անժամանակ մահվան մասին:
Հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և պաշտոնեության՝ բերում ենք Մեր ցավակցությունն ու սրտակցությունը հանգուցյալի ընտանիքին, հարազատներին և Մատենադարանի տնօրինությանն ու աշխատակիցներին:
Գրական և ստեղծագործական բեղմնավոր կյանք ապրեց հոգելույս Հրաչյա Թամրազյանը՝ աստվածապարգև իր շնորհներով հարստացնելով հայ գրականության ու մշակույթի գանձարանը: Նրա հեղինակած մեկ տասնյակից ավելի բանաստեղծությունների ժողովածուները, թարգմանությունները, հայագիտական ուսումնասիրությունները, հատկապես նարեկացիագիտությանը նվիրված մենագրությունները, և գրականագիտական բազմաթիվ հոդվածները խոսուն վկայություններն են անվանի մտավորականի և շնորհալի հայորդու արդյունավոր վաստակի: Լուսահոգի գիտնականը երկար տարիներ աշխատեց ու ստեղծագործեց Մատենադարանի նվիրական հարկի ներքո և շուրջ մեկ տասնամյակ ամենայն նախանձախնդրությամբ ու սիրով ղեկավարեց հայ մտքի հոգևոր կաճառի գործունեությունը:
Վաստակաշատ մշակութային գործչի վախճանը կորուստ է հայագիտության համար: Հրաչյա Թամրազյանը պիտի շարունակի ապրել սերունդների հիշողության մեջ՝ նշանակալի իր ավանդով ու գնահատելի ներդրումներով:
Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ Ամենողորմ Տերը արարչական սիրով գթա հանգուցյալ Իր ծառային և երկնային երանական օթևաններում լույսերի և խաղաղության մեջ ընդունի բարեհիշատակ Հրաչյա Թամրազյանի հոգին․․․
«Յիշեսցէ Տէր զհոգի նորոգ ննջեցելոյն և հանգուսցէ զնա ի լոյս երեսաց Աստուածութեան իւրոյ. Ամէն»»:
Հարակից հրապարակումներ`
- Հրաչյա Թամրազյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին
- Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ
- Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը մահացել է