Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումը՝ Երևանում
Երևանում այսօր մեկնարկեց «Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորում»-ը, որը կազմակերպել են «Երեխաների սնուցման համաշախարհային հիմնադրամը», Բրազիլիայում գործող ՊՀԾ-ի «Սովի դեմ գերազանության կենտրոնը» և ՀՀ կառավարությունն՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության:
Ֆորումին մասնակցում էին 65 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաններ:
Ողջունելով Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումի բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երեխաները բոլորիս համար մեծագույն արժեք են, իսկ նրանց համար անհոգ և արժանապատիվ մանկություն ապահովելը՝ մեր ամենակարևոր և առաջնային խնդիրը:
«Մանկական սովի դեմ պայքարի և երեխաների սնուցման համար ձեր կողմից կատարվող աշխատանքների կարևորությունը, իսկապես, անգնահատելի է: Մասնակցությունը ֆորումին Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ հնարավորություն է տալիս գնահատել անկախության տարիների ընթացքում անցած ուղին, ինչպես նաև ուրվագծել ապագայի առաջնահերթությունները»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքերով՝ այսօր Հայաստանի բոլոր մարզերում, բացի Երևանից, գործում է դպրոցական սննդի ծրագիրը: Ըստ նրա՝ ֆորումի շրջանակներում և դպրոցական այցելությունների ընթացքում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ հայկական փորձին և տեղում տեսնել՝ ինչպես են Հայաստանում այդ գործընթացը կազմակերպում:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀ կառավարության համար վերջին յոթ տարիների ընթացքում իրականացվող Դպրոցական սննդի կազմակերպումը դասվում է առաջնահերթությունների շարքին։ «Մենք հետևողականորեն և աստիճանաբար ստանձնում ենք ծրագրի իրականացման պատասխանատվությունը, յուրացնելով նաև մեր գործընկերների՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Ռուսաստանի Դաշնության ճյուղային սննդի ինստիտուտի նախորդ տարիների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ծրագրի շարունակությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով կառավարությունը նախատեսում է ընդունել մի շարք ինստիտուցիոնալ որոշումներ, ինչպես նաև հանդես գալ օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված նախաձեռնություններով։
Նշենք, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, ՀՀ կառավարության հետ համագործակցության շրջանակներում, 2010 թվականից Հայաստանում իրականացնում է «Դպրոցական սնունդ» զարգացման ծրագիրը, որի ընթացքում Հայաստանն արձանագրել է դրական արդյունքներ: Ներկայումս 10 մարզերի մոտ 83 հազար երեխա ստանում է դպրոցական սնունդ, այդ թվում երեք մարզերում՝ Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:
Նշենք նաև, որ «Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորում»-ը աշխատանքները կշարունակի մինչև սեպտեմբերի 9-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները