«Նարեկացի» արվեստի միությունն ու ԼՂՀ մշակույթի նախարարությունը համատեղ ծրագիր ունեն
Այսօր լրանում է «Նարեկացի» արվեստի միության 12-րդ տարեդարձը: Այդ առիթով այսօր, ժամտ 19-ին միությունում տեղի կունենա միջոցառում, որի ժամանակ ելույթ կունենան «Նարեկացի» ժողովրդական գործիքների նվագախումբը, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, «Նժդեհ» ազգագրական պարի խումբը և «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար Լուսինե Ազարյանը ( նվագակցող` Հարություն Թագվորյան): Միջոցառման մասին Panorama.am-ին տեղեկացրեց միության տնօրեն Նարեկ Հարությունյանը:
Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև բացառիկ ցուցահանդեսի բացում: Կցուցադրվեն նկարիչ Հրաչյա Ռուխկյանի` Սայաթ-Նովայի դիմանկարները, ինչպես նաև Սայաթ-Նովայի ընդօրինակած ձեռագիր 3 մատյաններից՝ «Մատյան ողբերգության», «Աստվածաշունչ», «Դավթար», մեզ հասած փաստագրական ֆոտոնյութեր:
Միությունը յուրաքանչյուր տարի իր տարեդարձը նվիրում է հայ մեծանուն արվեստագետներից մեկին և ներկայանում նրա ստեղծագործական գործունեությանը նվիրված միջոցառումներով: Այս տարին նվիրված է հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային:
«Մենք արդեն ունեցել ենք Նարեկացուն, Կոմիտաս վարդապետին, Հովհաննես Թումանյանին, Տիգրան Մանսուրյանին նվիրված տարիներ: Այս տարին նվիրել ենք Սայաթ-Նովային: Անցկացվում են ցուցահանդեսներ, դասախոսություններ»,- նշեց Ն. Հարությունյանը:
Ընդհանրապես, խոսելով այս տարիների ընթացքում միության ծավալած գործունեության մասին, նա ասաց, որ միշտ էլ ունեցել են յուրահատուկ նախագծեր, միջոցառումներ: Առաջինը նա հիշեց 2008 թվականին «Համշենահայ շաբաթ» միջոցառումը: Նարեկ Հարությունյանը թվարկեց նաև այս տարիների ընթացքում անցկացված մի շարք միջոցառումներ՝ հավելելով, որ «Նարեկացի» արվեստի միությունը միշտ պատրաստ է ծառայելու հայկական մշակույթին:
Շուշիում գործող «Նարեկացի» արվեստի միությունը տաս տարեկան է: «Շուշին ավելի կրթօջախ է, ունենք դասարաններ, խմբակներ՝ երաժշտություն, պար, երգ, նկարչություն, թատրոն, ասեղնագործություն, փայտագործություն: Արցախի մշակույթի նախարարության հետ այս տարի նոր ծրագրեր ունենք՝ համատեղ ստեղծել նոր դասարաններ՝ կավագործություն և այլն»,- ասաց Ն. Հարությունյանը: