2015-2016 ուսումնական տարում բուհեր ընդունվել է 18 061, սովորել է 84 591 մարդ. ԱՎԾ
2015-2016 ուսումնական տարում հանրապետության 60 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ (ԲՈւՀ) և 12 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրերով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, այդ հաստատություններ ընդունվել է 18 061 (կանայք` 52.0%), սովորել` 84 591 (կանայք` 54.6%), ավարտել` 12 666 (կանայք` 50.0%) մարդ:
Ուսանողների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 52.9% (կանանց` 59.1%, տղամարդկանց` 47.0%), սեռային հավասարության ցուցանիշը (տղամարդկանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի նկատմամբ կանանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի հարաբերակցության գործակիցը)` 1.26:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2015/2016 ուսումնական տարում հանրապետության 23 բարձրագույն պետական ուսումնական հաստատություններ և 12 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրերով: Այդ հաստատություններում սովորել է 75 393 ուսանող, որոնց 86.7%-ը` վճարովի, 13.3%-ը` անվճար ուսուցմամբ:
Ուսանողների 11.4%-ը ստացել է կրթաթոշակ (անվճար ուսուցմամբ ուսանողների` 86.2%-ը):
ԱՎԾ-ի տվյալներով՝ 2015-2016 ուսումնական տարում հանրապետության 34 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ (ԲՈՒՀ) ու 8 մասնաճյուղեր և 3 գիտական կազմակերպություններ բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն մագիստրոսի ծրագրերով: Այդ կազմակերպություններ ընդունվել է 5 807 (կանայք` 61.5%), սովորել` 11 911 (կանայք` 62.3%), ավարտել` 6 484 (կանայք` 67.4%) մարդ: Ուսանողների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 12.7% (կանանց` 15.5%, տղամարդկանց` 9.9%), սեռային հավասարության ցուցանիշը (տղամարդկանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի նկատմամբ կանանց համախառն ընդգրկվածության ցուցանիշի հարաբերակցության գործակիցը)` 1.57:
2015-2016 ուսումնական տարում հանրապետության 20 բարձրագույն պետական ուսումնական հաստատություններ ու 8 մասնաճյուղեր և 2 գիտական կազմակերպություններ բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն մագիստրոսի ծրագրերով: Այդ կազմակերպություններ ընդունվել է 5 481 (կանայք` 62.7%), սովորել` 11 192 (կանայք` 63.4%), ավարտել` 6 094 (կանայք` 68.7%) մարդ:
Նշվում է նաև, որ 2015-2016 ուսումնական տարում հանրապետության 14 բարձրագույն ուսումնական հաստատություններ և 1 գիտական ոչ պետական կազմակերպություն բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն մագիստրոսի ծրագրերով: Այդ կազմակերպություններ ընդունվել է 326 (բոլորը՝ առկա ուսուցմամբ), սովորել` 719, ավարտել` 390 (բոլորը՝ առկա ուսուցմամբ) մարդ: