Բաքվի օլիմպիադան` առանց Հայաստանի զորեղ հավաքականի
Բաքվում մեկնարկել է շախմատի Համաշխարհային 42-րդ Օլիմպիադան: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 180 հավաքական թիմեր, իսկ կանանց մրցաշարին`140: Հայաստանի շախմատի հավաքականը, որը Օլիմպիադայի եռակի չեմպիոն է (2006 2.` Թուրին, 2008 թ.` Դրեզդեն և 2012 թ.` Ստամբուլ), հասկանալի պատճառներով չի մասնակցում ստուգատեսին: Հայաստանի շախմատի ֆեդերացիան դեռևս հուլիս ամսին էր հայտարարել այս որոշման մասին:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, Օլիմպիադայում արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները: Մրցաշարում գործակցով բարձր հավաքականները հիմնականում ապացուցել են իրենց խաղային ավելի բարձր մակարդակը, սակայն գրանցվել են որոշ ուշագրավ և անակնկալ արդյունքներ ևս: Մասնավորապես, առաջին տուրում Բուլղարիայի ուժեղ հավաքականը, որի կազմում հանդես է գալիս աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Թոփալովը, չի կարողացել առավելության հասնել Սուդանի հավաքականի նկատմամբ. մրցախաղն ավարտվել է 2-2 հաշվով:
Անակնկալ կարելի է համարել նաև 3-րդ տուրում Ռումինիայի հավաքականի հաղթանակը Նորվեգիայի նկատմամբ, որը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Ռումինացի գրոսմայստեր Կոնստանտին Լուպուլեսկուն կարողացել է ոչ-ոքի խաղալ Կարլսենի հետ, իսկ Բոգդան-Դանիել Դեաչը հաղթել է Տարի Արյանին և հաղթանակ պարգևել Ռումինիային:
Տղամարդկանց մյուս բոլոր առաջատար հավաքականներն առաջին երեք տուրերում հաղթել են իրենց մրցակիցներին: Խաղացված երեք տուրից հետո 16 հավաքական թիմեր վաստակել են 6-ական թիմային միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 4-րդ տուրում առաջատար հավաքականներն արդեն մրցելու են միմյանց դեմ: Մասնավորապես, տեղի կունենա մրցաշարի կենտրոնական հանդիպումներից մեկը. Ռուսաստանը կմրցի Ուկրաինայի դեմ: Չեմպիոնի կոչման հավակնորդներից Միացյալ Նահանգների հավաքականի մրցակիցը կլինի Չեխիան, իսկ գործող չեմպիոն Չինաստանի հավաքականի կխաղա Իտալիայի ընտրանու հետ:
Կանանց մրցաշարում նույնպես կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները: Վերջին երեք Օլիմպիադաների հաղթող Ռուսաստանի կանանց հավաքականը տարել է երեք հաղթանակ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան հաղթանակ է տոնել նաև չեմպիոնության հավակնորդ Ուկրաինայի կանանց ընտրանին, իսկ ահա հաղթողի կոչման մյուս երկու հավակնորդները` Չինաստանը և Վրաստանը, ունեն միավորային կորուստներ:
Վրաստանի կանանց հավաքականը երկրորդ տուրում անսպասելիորեն զիջել է Ֆիլիպինների կանանց թիմին, իսկ Չինաստանը, որի կազմում հանդես է գալիս կանանց աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը, ոչ-ոքի է խաղացել Վիետնամի հավաքականի հետ: Կանանց մրցաշարում առանց թիմային միավորների կորստի են ընթանում 13 հավաքական թիմեր: