Մենք հոգեբուժական կադրերի խիստ կարիք ունենք. գլխավոր հոգեբույժ
Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիան սեպտեմբերի 5-ը հայտարարել է Մտային խնդիրների համաշխարհային օր: Օրվա կապակցությամբ ՀՀԱ պատասխանատու քարտուղար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ օրվա խորհրդին:
«Մի տեսակ անութշադրության են մատնվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցողները: Եթե մարդը ունի հոգեկան առողջական խնդիր, մի տեսակ խարան է առաջանում և այլ վերաբերմունք է լինում հասարակության կողմից: Մեր երկրում հոգական առողջության ծառայությունները դեռ չեն հասել այն մակարդակին, որը որ անհրաժեշտ է: Բոլոր շրջաններում չունենք հոգեբույժներ և համապատասխան ծառայություններ»,-նշեց Խ. Գասպարյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր մարդիկ բուժում ստանալուց հետո բախվում են աշխատանքի, կրթության, սեփականության իրավունքների որտնահարման հետ:
Ըստ Գասպարյանի՝ որքան քաղաքակրթությունն աշխարհում առաջ է գնում, այնքան ավելանում է դեպրեսիվ, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց թիվը:
Հանդիպմանը ներկա ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանի գնահատականով էլ՝ մենք հոգեբուժական ծառայություն իրականացնող կադրերի խիստ կարիք ունենք, իսկ կենտրոններն էլ խիստ կարիք ունեն վերանորոգման ու վերազինման:
«Դրականն այն է, որ մեր հաճախորդները ժամանակին անվճար ստանում են համապատասխան դեղամիջոցները և որ 2004 թվականին համապատասխան օրենքի ընդունմամբ մեր ծառայությունը օրինական դաշտ բերվեց»,-նշեց մասնագետը:
ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժը հայտնեց նաև, որ հաշվառված հիվանդների թիվը Հայաստանում 50 հազարից ավելի է, սակայն այդ թիվը ոչինչ չի ասում. «Դրանք այն մարդիկ են, ովքեր առնչվել են ծառայության հետ: Շատերը կան, ովքեր ունեն հոգեկան առողջության խնդիրներ, սակայն մեր տեսադաշտից դուրս են»:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսների քարտուղար Արմեն Սողոյանն էլ ավելացրեց, որ ոլորտի իրավիճակն ու խնդիրները ներկայացրել են կառավարությանը:
Իսկ կադրեր չլինելու պատճառն ըստ Սողոյանին աշխատանքային ոչ այդքան բարվոք պայմաններն են. «Աշխատավարձն այդքան էլ ցածր չէ, սակայն պայմանները գրավիչ չեն երիտասարդ մասնագետների համար: Սարքավորումները, շենքային պայմանները տեսնելիս երիտասարդները չեն ուզում աշխատել»: