Ռոման Ամոյան. «Իմ և Վարշամ Բորանյանի մրցելույթները հաջողված ու օգտակար էին»
Տաղանդաշատ ու անվանի ըմբիշ Ռոման Ամոյանը նոր է վերադարձել Իրանից, որտեղ Իզե քաղաքում մասնակցել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի Իրանի առաջնության 1-ին փուլի հանդիպումներին: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Ամոյանը ներկայացրել է իրանյան մրցաշրջագայության արդյունքները:
«Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի 2016 թ. Իրանի առաջնության 1-ին փուլին մասնակցում էին 8 թիմեր: Ես ու Հայաստանի ազգային հավաքականի իմ թիմակից, այս տարվա Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը հրավիրվել էինք Իզե ու ելույթ ունեցանք այդ քաղաքի «Սինեն Սանթ» թիմի կազմում:
Նման միջազգային ստուգատեսերի ելույթների փորձ ունեի. հանդես եմ եկել Գերմանիայի բունդեսլիգայի ակումբային թիմերի առաջնությունում, որտեղ «ASV Nedingen» թիմի կազմում կարողացել ենք 2014 թ. նվաճել երկրի չեմպիոնի տիտղոսը: Բորանյանի համար սա արտասահմանյան ակումբում հանդես գալու նորամուտ էր: Ուրախ եմ նշել, որ մեր մրցելույթները հաջողված ու օգտակար էին: Մենք երկուսս էլ կարողացանք մեծապես օգնել մեր թիմին, որը, ի վերջո, թիմային պայքարում գրավեց 3-րդ տեղը:
Ինձ հաջողվեց անցկացրած 4 գոտեմարտերից 3-ը շահել ու միայն մեկում զիջել մրցակցիս, իսկ Վարշամն իր բոլոր 4 մենամարտերն էլ հաղթանակով ավարտեց: Այժմ շատ ավելի կարևոր ու վճռորոշ է Իրանի առաջնության 2-րդ փուլը, որը կայանալու է 1 ամիս հետո: Այստեղ մրցապայքարին կավելանա ևս 2 ուժեղագույն թիմ, ու ստուգատեսի մասնակից 10 թիմերը կվիճարկեն դեկտեմբերի 8-9-ը Բուդապեշտում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությանը մասնակցելու 2 ուղեգրերը»,- նշել է Ամոյանը:
Նշենք, որ ակումբային թիմերի աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է 2014 թ.-ից: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի 1-ին խաղարկությանը մասնակցել է 10 թիմ ու գավաթակիր է դարձել Իրանի «Պաստոր Անդիմեշկ» թիմը, իսկ անցյալ տարի Երևանի «Դինամոն» 12 թիմերի պայքարում միայն եզրափակչում է զիջել իրանական «Բիմեհ Ռազիին» ու գրավել միանգամայն պատվաբեր 2-րդ տեղը:
Հավելենք նաև, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի աշխարհի գավաթի առաջին երկու խաղարկությունները կայացել են Իրանում: Իսկ ահա 3-րդ խաղարկությունը դեկտեմբերի 8-9-ին տեղի է ունենալու Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Ի դեպ՝ այս մրցաշարի ավարտից անմիջապես հետո դեկտեմբերի 10-11-ին նույն Բուդապեշտում առաջին անգամ կկայանա ոչ օլիմպիական՝ 71 կգ և 80 կգ քաշային կարգերի ըմբիշների 2016 թ. աշխարհի առաջնությունը: