«Դպրոցական սնունդ» ծրագիրը կիրականացվի նաև Տավուշի մարզում
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորում»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց՝ իրենց նպատակն է ի վերջո հասնել նրան, որ Հայաստանի բոլոր դպրոցների կրտսեր դասարաններում կարողանան տաք սնունդ տրամադրել երեխաներին:
Նախարարը նշեց, որ եթե մինչև 4-րդ դասարան կարողանան այդ խնդիրը լուծել, ապա դպրոցներում կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ՝ խոհանոցներ և այլն:
Լևոն Մկրտչյանի խոսքերով՝ «Դպրոցական սնունդ» ծրագիրը երեք մարզերում՝ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի, իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի՝ ՌԴ կառավարության օժանդակությամբ: Ծրագրից օգտվում են 1-4-րդ դասարանների աշակերտները: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 83.000 երեխա ստանում է դպրոցական սնունդ:
Ըստ նախարարի՝ այս տարի դպրոցական սննդի ծրագիրը կիրականացվի նաև Տավուշի մարզում: Իսկ հետագա տարիներին փորձելու են առավել ընդլայնել ծրագրի շրջանակը՝ ընդգրկելով բոլոր մարզերը:
«Մենք փորձելու ենք աշխարհագրությունն ընդլայնել: Իհարկե, ծրագրի իրականացումը բավականին ծախսատար է, բայց, բացի սննդից, ծրագիրն ունի նաև դաստիարակչական նշանակություն: Հաճախ դպրոցի տնօրենները չեն կարողանում փոխարինել սառը սնունդը տաք սննդով` վախենալով թունավորումներից, սննդի որակից: Սա է պատճառը, որ դեռևս չենք շտապում, և այս հարցում մեր միջազգային գործընկերների փորձը շատ օգտակար է»,- ընդգծեց ԿԳ նախարարը` հավելելով, որ Հայաստանում շուտով կստեղծվի հիմնադրամ, որը հնարավորություն կտա ներգրավելու միջազգային դոնորներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները