Ռադիոն վերադառնում է ամեն տուն. Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն
«Հանրային ռադիոն իր սփռմամբ, կարողությամբ, ավանդույթներով, կադրային հագեցվածությամբ միշտ առաջատար դիրքեր է գրավելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը:
Նա տեղեկացրեց, որ «Հասարակական կարծիքի ուսումնասիրման» կենտրոնի աջակցությամբ իրականացրել են երկու հետազոտություն՝ որոշակիորեն վերանայելու եթերային քաղաքականությունը՝ նախ հասկանալու, թե այսօր հանրությունն ինչ է ակնկալում Հանրային ռադիոյից որպես լրատվամիջոցից:
«Այստեղ ի հայտ եկան մի շարք բացահայտումներ: Հանրությունը մեծ կարիք ունի սոցիալական տեղեկատվության, կենսագործունեության համար անհրաժեշտ տեղեկատվության, խորհրդատվության, պարզաբանումների: Դա վերաբերում է տարբեր ոլորտներին՝ սոցիալական, առողջապահական, ֆինանսական, գյուղատնտեսություն, խնդիր ունենք սպառողական իրավունքի, ընդհանրապես իրավունքի ոլորտում»,- ասաց Արման Սաղաթելյանը՝ հավելելով, որ նոր ծրագրացանկը կոչված է լրացնելու այդ բացը:
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը նշեց, որ ծրագրերի զգալի մասն ուղիղ եթերում են հեռարձակվելու, այսինքն՝ ունկնդիրը հնարավորություն ունի անմիջապես միանալու ռադիոկայանի աշխատանքին և հարց հղելու փորձագետին, պատկան մարմնի աշխատակցին և անմիջապես ստանալու իրեն հետաքրքրող հարցի պատասխանը:
Նա նաև տեղեկացրեց, որ օրվա ընթացքում ծրագրերն այնպես են բաշխել, որպեսզի նաև սոցիալապես ակտիվ հանրության ներգրավածությունն ապահովվեն:
«Կարծրատիպ կար, որ ռադիո ավելի շատ լսում են միջին և բարձր տարիքի մարդիկ: Այսպես չէ: Սոցիալապես ակտիվ լսարանն ունի իր պահանջները, հետաքրքրությունները: Օրվա ընթացքում եթերի կառուցվածքը, ընդհանրապես եթերացանկը վերակառուցվել է այս սկզբունքով»,- ասաց Ա. Սաղաթելյանը:
Նա ընդգծեց, որ այս ամենի հետ պահպանել են տասնամյակներ շարունակ ձևավորված ավանդույթները. «Ունենք հիանալի հաղորդումներ, վաղուց սիրված, բոլորի կողմից սպասված հեղինակներ: Այդ ամենի հետ մեկտեղ կհնչեն նոր անուններ, կլինեն նոր հաղորդումներ, որոնք, համոզված ենք, կարճ ժամանակ անց կրկին դառնալու են բոլորի կողմից սիրված ու սպասված»:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մուլտիմեդիոն այս դարաշրջանում ռադիոն չի պարտվում, Արման Սաղաթելյանն ասաց. «Ոչ միայն չի պարտվում, ունի մրցակցային մի շարք առավելություններ, որոնցից պարտավոր է օգտվել: Ռադիոյի հնարավորությունները չունի որևէ մեդիա՝ մոբիլությունը, հեշտ հասանելիությունը հատկապես Հարային ռադիոյի պարագայում, որը հասանելի է գրեթե բոլոր ժամանակակից միջոցներով՝ բջջային հեռախոսներով, հավելվածներով, համացանցով, արբայնակային կապով, FM հաճախականությամբ՝ 80 հաղորդակով, երկրի տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, երեկվանից արդեն թվային հեռարձակամբ, ողջ երկրի տարածքում: Ցանկացած հեռուստացույց այսօր դարձել է արդեն ռադիո, այսինքն` ռադիոն վերադառնում է ամեն տուն, ինչպես ժամանակին եղել է լարային կամ պատի ռադիոյի տարիներին: Ռադիոն շատ մեծ առավելություններ ունի այդ առումով և ոչ միայն չի զիջում, հաղթում է շատ դեպքերում շատ այլ ֆորմատով գործող լրատվամիջոցների»:
Նշենք, որ Հանրային ռադիոն արդեն 90 տարեկան է: