Հնչող արձանն ու «Նվիրյալների արահետը». 90-ամյա հոբելյարի նորությունների մասին
90-ամյա հոբելյանը Հաայաստանի հանրային ռադիոն դիմավորում է հիմնովին վերակառուցված այգիով, վերանորոգված և ձևավորված շենքի հարդարմամբ, նոր կառուցված պատվո արահետով և պուրակով: Հիմնովին վերանորոգվել են վթարային վիճակում գտնվող շենքի դիմապատերը, որոնք ստացել են ռադիոյի խորհրդանիշներով գեղարվեստական ձևավորում (1900 քմ մակերես): Աշխատանքները սկսվել էին մարտ ամսից, այժմ արդեն ամբողջությամբ ավարտված են: Այսօր լրագրողները շրջայց կատարեցին Հանրային ռադիոյի ողջ տարածքով:
Նախօրեին բացվել է քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանի հեղինակած խորհրդանշական արձանը՝ նվիրված հեռուստատեսության 60 և Հանրային ռադիոյի 90-ամյակին:
«Հնչող արձան է: Հնչում է երևանյան երաժշտություն, միգուցե հետո Հանրային ռադիոյի ուղիղ եթերը նաև լինի: Ներկայացված է սիմվոլիկ պատկեր՝ ընտանիք, հեռուստացույց և ռադիո»,- լրագրողներին նորաբաց հուշարձանը ներկայացրեց Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը:
Հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շավարշ Վարդանյանն ասաց, որ հեռուստատեսության 60 և ռադիոյի 90-ամյակին ընդառաջ, խորհուրդը նախաձեռնեց «Նվիրյալների արահետի» կառուցումը:
«Ռադիոյի ամբողջ շենքի երկայնքով՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Ալեք Մանուկյան 5 հասցե, տեղադրվել է 90 հուշաքար, որոնց վրա ժամանակի ընթացքում դաջվելու են հեռուստատեսությունում և Հանրային ռադիոյում աշխատած, մեծ ավանդ ունեցած մարդկանց անունները: Այս ամռան ընթացքում արդեն բացվել է 28 հուշաքար, երեկ բացվեցին ՀՀ ժողովրդական արտիստներ Նարա Շլեպչյանի և Ռուբեն Մաթևոսյանի անվանական տախտակները»,- տեղեկացրեց նա:
Դեռևս 2013 թվականին Հայաստանի հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ստեղծված «Մասս Մեդիա» կենտրոնում այսօր սովորում է 60 ուսանող:
«Կենտրոնի հիմնական նպատակն է պատրաստել որակյալ, նեղ մասնագիտացված կադրեր հեռուստատեսության և ռադիոյի համար: Արդեն երկու տարի է տվել ենք մեր շրջանավարտները, գերակշիռ մասն աշխատում է իր ընտրած մասնագիտությամբ համապատասխան ոլորտներում: Դասավանդում են ոլորտի առաջատար մասնագետները»,- լրագրողներին ասաց կենտրոնի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանը, Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ, այցելել էր Հայաստանի հանրային ռադիոընկերություն: Երկրի ղեկավարը Հանրային ռադիոյի 90-ամյակի կապակցությամբ, Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցների մշակույթի, լրագրության բնագավառում ունեցած վաստակի, ինչպես նաև երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրել էր մեդալներով և շնորհակալագրերով, շնորհել պատվավոր կոչումներ:
Նրանց թվում էր նաև Ռիմա Պետրոսյանը, ով 15 տարի աշխատել է հեռուստատեսությունում, 1994 թվականից տեղափոխվել է Հանրային ռադիո:
«Լրատվությունը մարդուն տալիս է ամեն ինչ՝ շփվում ես, ծանոթանում տարբեր ոլորտների մարդկանց հետ: Եթե սիրում ես գործդ, նվիրված աշխատում ես՝ տարիներն այնքան աննկատ են անցնում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց տիկին Ռիման:
Նա հաճույքով աշխատել է տարբեր բնագավառների մարդկանց հետ, լուսաբանել Ամենայն Հայոց կաթողիկոսներ Վազգեն Առաջինի, Գարեգին Առաջինի, նաև Կարեն Դեմիրճյանի հետ կապված միջոցառումները:
«Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված Գարեգին Առաջինի հետ ամիսը մեկ անգամ մեկ ժամով հաղորդում էի ձայնագրում: Շատ հաճելի պահեր էին, հետաքրքիր էր շատ: Մեկ ժամ ձայնագրվում էինք, այդ ամբողջ ընթացքում ձայնագրությունը ոչ մի անգամ չէր ընդհատում:
Լրատվությունը, լրագրությունն այնպիսի բան է… հաճելի ճահիճ է, ընկնում ես ու մնում ես, մնում ես, մինչև…»,- ասաց Ռիմա Պետրոսյանը:
Հաղորդավար, ասմունքող, ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը երկար տարիներ Հանրային ռադիոյում է աշխատում: Թեև տարիների փորձին, ամեն անգամ ձայնագրման ստուդիա է մնում հուզված:
«Հիմա ավելի շատ ստեղծագործական հուզմունք է, ձգտում ես ավելի լավ աշխատել քան երեկ, կամ առաջին օրը»,- ասաց նա՝ հավելելով, որ եթերից ամեն անգամ խոսելիս եթերից այն կողմ ամենաշատն իր մայրիկին ու երեխաներին է պատկերացնում:
«Ռադիոլսողին պատկերացնում եմ բարի, լավ ունկնդիր: Այդ իսկ պատճառով խոսքս պետք է լինի բարի, խաղաղության մեջ, որպեսզի ռադիոլսողն ինձ հավատա: Եթե հաղորդումը բարի է, բարի էլ կընդունվի: Եթերից առաջ պետք է դրսում թողես անձնական խնդիրները, տրամադրությունը, քանի որ եկել ես աշխատելու ոչ թե մեկ հոգու, այլ շատերի համար: Ինչպես դահլիճում, բեմում, ռադիոյում պետք է ունենաս օբյեկտ, մեկը, ով քեզ համար հարազատ է, թանկ է ու դու իրեն ես պատմում: Դա դառնում է ընդհանրական վիճակ»,- ասաց Սարգիս Նաջարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռադիոն վերադառնում է ամեն տուն. Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն
- ՀՀ նախագահի ներկայությամբ տրվել է Հանրային ռադիոյի թվային հեռարձակման մեկնարկը