Ի՞նչ ակնկալիքներ, երբ նույն պրոցեսի մեջ ենք 20 տարուց ավելի. փոխարտգործնախարար
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախատեսվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը՝ նշեց. «20 տարուց ավելի է, մենք այս գործընթացի մեջ ենք, պարբերաբար լինում են հանդիպումներ, սակայն չենք կարողանում արձանագրել առաջընթաց մի պարզ պատճառով՝ կողմերից մեկը՝ Ադրբեջանը, նույնիսկ այն պայմանավորվածությունները, որոնք լինում են սեղանի շուրջ, հետո կոպտորեն խախտում է: Դրա վառ վկայությունները վերջին՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն էին, որտեղ խոսվել է, պարտավորություն է վերցվել, որպեսզի շփման գծում ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը, սակայն իրական դաշտում, Ադրբեջանն, ըստ էության, խանգարում է»:
Դիտարկմանը, թե, այսինքն, ակնկալիքներ չկա՞ն, Շավարշ Քոչարյանը պատասխանեց՝ ի՞նչ ակնկալիքներ, երբ նույն պրոցեսի մեջ ենք 20 տարուց ավելի:
«Ակնկալիք կարող է լինել այն դեպքում, երբ Ադրբեջանը փոխի իր դեստրուկտիվ մոտեցումը: Դրա տրամաբանությունը հասկանալի է. քանի կրակում են, քանի սադրում են, անհնարին է արդեն կարգավորման շուրջ բանակցություններում արձանագրել առաջընթաց»,- ասաց փոխարտգործնախարարը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ ՌԴ տարածք մուտքի արգելքից, ինչին ի պատասխան Շավարշ Քոչարյանը նշեց. «Ցանկացած երկրի իրավունքն է, նույնիսկ առանց որևէ բացատրության, դա Վիեննայի կոնվենցիայից է բխում, համապատասխան քայլեր կիրառել: Ուղղակի այս դեպքն աննախադեպ է, արտառոց է այն առումով, որ հայ-ռուսական հարաբերություններում այդպիսի քայլ է կիրառվել: Այդ իսկ պատճառով, մենք դիմել ենք Ռուսաստանի ԱԳ-ին և սպասում ենք համապատասխան բացատրությունների»: