Սամվել Գևորգյան. «Անբարո կերպով խլած ոսկե մեդալը կփորձենք բերել Հայաստան»
Ռիոյի ամառային օլիմպիական խաղերից Հայաստան վերադարձած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներն այսօր հանդիպել են լրագրողների հետ: Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, ով նաև նրա անձնական մարզիչն է, խոստովանել է, որ սա երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է:
«Երկար տարիներ ձգտում էինք հասնել Օլիմպիական բարձունքին: 2012 թ. Արթուր Ալեքսանյանը դեռ երիտասարդ էր և բավարարվեց բրոնզե մեդալով: Այս 4 տարիների ընթացքում թե իր, թե մարզչական ամձնակազմի կողմից տիտանական աշխատանք է կատարվել: Խանգարող հանգամանքները շատ էին, սակայն Արթուրը հաղթահարեց դրանք և պատրաստ մոտեցավ Օլիմպիական խաղերին: Բոլոր 4 գոտամարտերն էլ մեծ վերելքով անցկացրեց և կասկածի տեղ չթողեց, որ արժանի է չեմպիոնի կոչմանը»,- ասաց Ալեքսանյան-ավագը:
Միհրան Հարությունյան պատասխանատու մարզիչ Սամվել Գևորգյանի համար զգացողությունները ևս հակասական էին. ուրախանալ արծաթե մեդալով, թե ափսոսալ «գողացված» ոսկու համար, որն առաջին անգամը չէ Միհրանի մարզական կարիերայի ընթացքում:
«Միհրան Հարությունյանն արդեն 4 տարի է, ինչ Հայաստանում է: Նա կարող էր ունենալ ևս 2 ոսկե մեդալ, սակայն Բաքվում կայացած եվրոպական խաղերի ժամանակ, ինչպես նաև աշխարհի առաջնությունում, մրցավարական կոպիտ խախտումների պատճառով կրկին զրկվեց գլխավոր մրցանակից: Օլիմպիական խաղերին նա պատրաստ էր ամենաբարձր որակներով և իր ենթախմբում, բացի եգիպտացի ըմբիշից, մնացածն աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ էին: Բոլորդ էլ տեսաք, թե սերբ Ստեֆանեկի հետ մենամարտն ինչ անարդար կերպով ընթացավ և թե ինչպես անբարո կերպով խլեցին մեր ոսկե մեդալը: Վստահաբար կարող եմ ասել, որ Օլիմպիական այս խաղերում Միհրանը որևէ բացթողում չի արել, դժգոհելու առիթ ևս չի տվել:
Հիմա մենք մեր ղեկավարների հետ խորհրդակցել ենք և ամեն ինչ կանենք՝ մեդալը հետ բերելու համար: Այդ գործընթացը շարունակվում է: Կրկնում եմ՝ պայքարելու ենք ոսկե մեդալը Հայաստան բերելու համար»,- ասաց Սամվել Գևորգյանն ավելացնելով, որ անգամ բացասական ելքի դեպքում չեն զղջա՝ ոչինչ չանելու համար: