Դանի Ալվեշը կոլումբիացիների հետ խաղում կլինի Բրազիլիայի հավաքականի ավագը
«Յուվենթուսի» և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը կլինի ազգային թիմի ավագը Կոլումբիայի ընտրանու հետ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի խաղում։ Թիմի գլխավոր մարզիչ Տիտեն որոշել է, որ ավագի թևկապը յուրաքանչյուր խաղում կփոխի տիրոջը։ Էկվադորի հավաքականի հետ խաղում, ի դեպ, ավագի պարտականությունները կատարում էր Միրանդան։
«Մեր թիմում մի շարք առաջատարներ կան, և նրանցից յուրաքանչյուրն իր ոգին ունի,- Ալվեշի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Չեմ կարծում, որ ավագությունը հատուկ կարևորություն ունի, բայց, այնուամենայնիվ, ավագի թևկապով հարազատ երկիրը ներկայացնելը պատիվ է։ Ես վստահ եմ, որ մեր թիմում յուրաքանչյուրը պետք է դրսևորի առաջատարի իր որակները»։