Հայաստանում հնարավոր է տեղեկատվության ազատության մարմին ստեղծվի
Հայաստանի արդարադատության նախարարությունը նախաձեռնել է Տեղեկատվության ազատության մասին նոր օրենքի մշակումը: Մինչ օրենքը, հանրային քննարկման է ներկայացվել Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացաման հայեցակարգը:
Նշենք, որ այժմ դաշտը կարգավորվում է 2003 թվականին ընդունված Տեղեկատվության ազատության մասին օրենքով:
«Օրենքի ընդունումից հետո բավականաչափ զարգացումներ են եղել թե օրենսդրությամբ, թե հասարակական կարգի: Մասնավորապես, գործող օրենքում էլեկտրոնային հարցումների հետ կապված հարաբերությունները ամբողջությամբ կարգավորված չեն: Մենք նախորդ տարի փորձեցինք կառավարության որոշմամբ որոշակի դրույթներ կարգավորել, բայց այդուհանդերձ գիտեք՝ մեր հասարակությունը ինչքան շատ է օգտագործում կապի միջոցները, համացանցը: Փորձել ենք գտնել այն բացերը, որոնք կան օրենսդրության մեջ և լրացուցիչ մեխանիզմներ ամրագրել օրենսդրության մեջ՝ էլեկտրոնային հարցումների հետ կապված», -նոր օրենք ընդունելու պատճառը ներկայացրեց փոխնախարարը:
Քրմոյանի խոսքով, քաղաքացին կկարողանա պարզեցված ձևով տեղեկություն ստանալ:
Նոր օրենքի մշակման արդյունքում, ըստ ներկայացված հայեցակարգի, հնարավոր է ստեղծվի լիազոր մարմին, որը կզբաղվի այդ ոլորտով: Հայեցակարգում այդ մարմինը նշվում է որպես Տեղեկատվության ազատության հանձնակատարի ինստիտուտ:
«Տեղեկատվության ազատության իրավունքի պատշաճկիրառման համար անհրաժեշտ է ստեղծել լիազոր մարմին, որը տեղեկատվության ազատության սկզբունքների, օրենսդրության, ինչպես նաև տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկայի վերլուծությունների հիման վրա կիրականացնի տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանությունը, իրավունքի խախտման դեպքում իրավունքի վերականգնումը, տեղեկատվության ազատության վիճակի գնահատումը, ինչպես նաև իրավունքի մասին իրազեկում, կրթում և խորհրդատվության տրամադրում կիրականացնի», -նշված է հայեցակարգում:
Նոր մարմնի ստեղծման մասին հարցին ի պատասխան, Քրմոյանն ասաց, որ այն կստեղծվի, եթե քննարկումների արդյունքում այն արժանանա կառավարության հավանությանը:
«Հայեցակարգում կան տարբեր մոտեցումներ, կարող է դա անկախ մարմին լինի, կարող է դա միացվի արդարադատության նախարարության համակարգում գործող անձնական տվյալների պաշտպանության գործակալության հետ միասին, լինի մարմին, որը զբաղվի և անձնական տվյալների պաշտպանությամբ և տեղեկատվության ազատությամբ», -հավելեց փոխնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում