Արթուր Ալեքսանյանին շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Աբաջյանի հայրը
«Հպարտ եմ լինել Հայաստանի 14-րդ Օլիմպիական չեմպիոնը և 20 տարվա դադարից հետո մեդալ նվաճել Հայաստանի համար»,- այսպես սկսեց լրագրողների հետ զրույցը՝ Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ավելացնելով, որ սա միայն իր աշխատանքի արդյունքը չէ, այլ մարզիչների ու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի վաստակը:
«Երբ դրսում մարդիկ մոտենում ու շնորհավորում են, զգում եմ, թե նրանք որքան ուրախ ու հպարտ են: Դա իմ ամենամեծ հաղթանակն է, երբ իմ հաջողությամբ մի ամբողջ ազգ է ուրախանում: Ինձ համար դրանից մեծ հաղթանակ գոյություն չունի»,- ասաց Օլիմպիական չեմպիոնը:
Ռիոյում 98 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտից հետո պարգևատրման արարողությանը մասնակցել էր ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված և հետմահու Արցախի հերոսի կոչում ստացած կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի մարզաշապիկ-նկարով:
Panorama.am-ի թղթակցի այն հարցին, թե՝ ադրբեջանական լրատվամիջոցներն Արթուրի այդ քայլից հետո վայնասուն էին բարձրացրել և պատրաստ են բողոքարկել, արդյո՞ք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներ կկիրառվեն, պատասխանեց Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը.
«Օլիմպիական խաղերի օրենքների մեջ կան կետեր, որին բոլորը պարտավոր են հետևել ու պահպանել: Արգելված է ցուցադրել գովազդ կամ նման բան: Պատվո հարթակից իջնելուց անմիջապես հետո շատ արագ մենք ՄՕԿ-ի կողմից ստացանք խիստ նկատողություն: Ամեն օր միջազգային Օլիմպիական կոմիտեն ժողովներ էր անցկացնում: Դրանցից մեկում քննարկվեց այս հարցը: Ասացինք, որ Արթուր Ալեքսանյանն այդ մասին տեղյակ չէր: Իրավիճակն այդպես ներկայացվեց, ուստի Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նկատմամբ այդ առիթով որևէ պատժամիջոց չի կիրառվի»,- ասաց Ջուլֆալակյանը:
«Անտեղյակ» Արթուր Ալեքսանյանն իր կողմից ավելացրեց, որ Ռոբերտ Աբաջյանի նկարով է դուրս եկել, որպեսզի աշխարհին ցույց տա մեր իրական հերոսներին: Նա նաև պատմեց, որ Օդանավակայանում իրեն է մոտեցել մի տղամարդ, փաթաթվել է ու համբուրել իրեն:
«Նա ինձ ասաց. «Արթուր ջան, շնորհակալ եմ ամեն ինչի համար: Ես Ռոբերտի հայրն եմ»: Իսկապես հուզվեցի: Իրավիճակն այնպես էր, որ ցավոք չկարողացանք երկար շփվել»,- իր խոսքն ավարտեց Արթուր Ալեքսանյանը՝ կոչ անելով երբեք չմոռանալ հայրենիքի համար զոհված հերոսներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան