«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը ևս նվազեցնում է սրտի ստենտավորման գները
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը միանալով ՀՀ առողջապահության նախարարի կոչին՝ նվազեցրել է սրտի ստենտավորման գները: Կլինիկայում նոր գները գործում են այսօրվանից: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
Նշենք, որ Երևանում և մարզերում սրտի վիրահատությունների գները մատչելի դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դեռևս հուլիսին բուժօգնություն իրականացնող կազմակերպություններին և մատակարարներին կոչ արեց ուսումնասիրել և վերանայել սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը:
Կարեն Սահակյանի խոսքերով՝ ԵՊԲՀ-ն վերանայել է գները և որոշում կայացրել՝ նվազեցնել ստենտավորման գները:
Մասնավորապես, եթե նախկինում մեկ դեղապատ մեկ ստենտի տեղադրումն արժեր 1 մլն 650 հազար դրամ, իսկ կորոնարոգրաֆիան` 190 հազար դրամ, ապա սեպտեմբերի 6-ից ստենտավորումն արժե 1 մլն 100 հազար դրամ, կորոնարոգրաֆիան` 140 հազար դրամ:
Կարեն Սահակյանը հայտնեց, որ գների նվազեցումը կապված չէ որակի փոփոխության հետ. «Գները նվազում են՝ միաժամանակ պահպանելով ծառայության բարձր որակը»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ամսական կատարվում է 40-50 ստենտավորում:
Հիշեցնենք, որ սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին արդեն իսկ միացել են Գյումրու բժշկական կենտրոնն ու «Աստղիկ» բժշկական կենտրոնը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում սրտի ստենտավորման արժեքը նվազում է
- Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացել է ևս մեկ բժշկական կենտրոն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին