Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է զինվորների հետ
Արցախում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ նախօրեին այցելել է ԼՂՀ Պաշտպանության բանակի N զորամաս, ուր հանդիպել է հրամանատարական կազմի և զինվորների հետ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Զորամասում Ամենայն Հայոց Հայրապետին ու ԳՀԽ անդամներին դիմավորել է և բարիգալստյան խոսքով ողջունեց ԼՂՀ Պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։
Այնուհետև շարված զորքին իր հայրապետական օրհնությունն է բաշխել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
«Պահպանիչ» աղոթքից հետո Նորին Սրբությունն իր պատգամն է բերել զինվորներին՝ ուրախություն հայտնելով Արցախ իր այցի շրջանակներում ՊԲ զինվորների և զորահրամանատարների հետ հանդիպման հնարավորության համար։ «Եկել ենք մեր գնահատանքը և սերը արտահայտելու ձեզ, նաև բերելու ձեզ մեր խոնարհումը ձեր իրագործած սխրանքների համար, որոնց մենք ականատես դարձանք ապրիլյան պատերազմի օրերին, թե ինչպիսի քաջազունությամբ դուք կասեցրեցիք ադրբեջանական զորքերի հարձակումը, ետ շպրտեցիք նրանց մեր սահմաններից։ Մեր խոնարհումն ենք բերում քաջարի զինվորներին՝ մեր ազգի հերոս զավակներին, ովքեր իրենց կյանքով այդ օրերին պաշտպանեցին մեր Հայրենիքը։ Թող երկնքից միշտ լույս և օրհնություն իջնի նրանց շիրիմներին։ ․․․Փա´ռք ձեզ, հայոց բանակի քաջարի մարտիկներ։ Վերստին, փա´ռք ձեր ընկերներին, որոնք հանգչում են Արցախի և Հայաստանի նվիրական և սուրբ հողում», - ասել է Գարեգին Բ Կաթողիկոսը։
Նշելով, որ Հայրենիքի պաշտպանությունը սրբազան ծառայություն է ազգի յուրաքանչյուր զավակի համար՝ Նորին Սրբությունը կարևորել է հավատի զորացումը։ «Հավատով է, որ մեր ժողովուրդը տարել է իր պատմության բոլոր հաղթանակները Վարդանանց պատերազմից սկսյալ մինչև Սարդարապատ և Արցախ։ Արցախում ապրիլյան պատերազմի օրերին մեր զինվորների մոտ մենք տեսանք այդ զորեղ հավատի ճառագումը։
․․․Շնորհիվ հաղթական ոգու և հավատի մեր զինվորները կարողացան հաղթական ելնել այդ պատերազմից։
Սիրելիներ, այս հողը սուրբ ու նվիրական է, որովհետև այստեղ ունենք նվիրական սրբություններ՝ դարերով կերտված հավատավոր մեր զավակների կողմից։ Այս հողը սուրբ ու նվիրական է, որովհետև այստեղ հեղվել է քրտինքը և նաև արյունը մեր պատվական զավակների և մեր նախնիների։ Այսօր դուք եք պաշտպաններն այս նվիրական Հայրենիքի։ Այս սահմանները պետք է անառիկ պահել՝ նվիրումով, հավատով և խիզախ հերոսական ոգով, որ կրում եք ձեր անձերում», - հավելել է Վեհափառ Հայրապետը։
«Դուք մշտապես մեր աղոթքներում եք, մենք սիրում ենք ձեզ։ Ձեզ սիրում է ազգի յուրաքանչյուր զավակ թե´ Հայրենիքում, թե´ Սփյուռքի հեռավոր ափերում։ Մեր ազգն իր սիրով ու ոգով, իր կարելիությունների ընծայաբերումներով և հանձնառություններով միշտ ձեր կողքին է։ Ձեզ հետ է նաև մեր Եկեղեցին իր հնարավորություններով ու կարողություններով, ինչպես նաև իր սպասավորներով», - ընդգծել է Գարեգին Բ Հայրապետը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Բարձրյալին, որ միշտ հաղթական լինի հայ զինվորի բազուկը, և Աստված անվտանգ և բոլոր փորձություններից հեռու պահի երիտասարդներին, որպեսզի, փառքով և պատվով ավարտելով իրենց ծառայությունը, վերադառնան իրենց ընտանիքներ՝ ուրախություն պարգևելով իրենց ծնողներին և ողջ ժողովրդին։ Նորին Սրբությունը մաղթել է, որ Տերը յուրաքանչյուր զինվորի կյանքի ընթացքը զարդարի հաջողություններով ու հաղթանակներով, որպեսզի միշտ շեն լինի Հայոց աշխարհը, հզոր՝ Հայոց բանակը և հայ ժողովուրդը խաղաղության մեջ ապրի ու կերտի իր բարօր կյանքը։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի անդամները զրույցել են զինվորների հետ։