Զովունիում գործող համայնքապետի դեմ առաջադրվել է նրա եղբայրը
Կոտայքի մարզի Զովունի գյուղում հոկտեմբերի 2-ի համայնքապետի ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու:
ԿԸՀ պաշտոնական էջից Panorama.am-ը, տեղեկացավ, որ նրանցից երկուսը եղբայրներ են՝ Ավետիսյան Սերժիկ Զաքարի և Ավետիսյան Սանասար Զաքարի:
Սերժիկ Ավետիսյանը գործող գյուղապետն է, Զովունին ղեկավարում է 1999 թվականից: Նրան սատարում է ՀՀԿ-ն: Եղբայրը՝ Սանասար Ավետիսյանն ինքնաառաջադրված է, «Աղբյուր» ՍՊԸ տնօրենն է:
Գյուղապետ Ավետիսյանից Panorama.am-ը հետաքրքրվեց, ինչո՞վ է բացատրում եղբոր առաջադրումը, արդյո՞ք հետագայում ինքնաբացարկ է հայտնելու եղբայրը:
«Էդ իրենից հարցրեք»,- ասաց նա:
Ս. Ավետիսյանին հարցրեցինք, եղբոր հետ լա՞վ հարաբերություններ ունեն: Նա պատասխանեց. «Վատ չենք եղել»:
Զովունիում բացի Ավետիսյան եղբայրներից ինքաառաջադրված են երկու անկուսակցականներ՝ Ջանիբեկ Հայրապետյանն ու Վրույր Սիմոնյանը:
Նշենք, որ թեկնածուների գրանցումը կավարտվի այսօր՝ ժամը 18-ին: Գրանցված թեկնածուները կարող են ինքաբացարկի դիմումներ ներկայացնել մինչև սեպտեմբերի 22-ը, ժամը 18:00-ն: