Կարեն Բարսեղյան. «Պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»
Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա մրցավեճից հետո Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը հայտարարել է, որ իր թիմն արժանի չէր պարտության։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
- Ձեր կարծիքը խաղի մասին:
- Ցավալի պարտություն կրեցինք: Եթե ամբողջ խաղը վերլուծենք, կհասկանանք, որ մենք ոչ միայն արժանի չէինք պարտության, այլև հաղթանակի էինք արժանի, բայց սա ֆուտբոլ է: Ցավոք, երևի կենտրոնացածության պակասի պատճառով գոլ բաց թողեցինք, և դա՝ այն դեպքում, երբ ունեինք խաղային առավելություն մանավանդ երկրորդ խաղակեսում, ունեինք գոլեր խփելու մի քանի հնարավորություններ: Այս պարտության մեջ երևի ես եմ մեղավոր, որովհետև այն փոփոխությունները, որ կատարեցի՝ խաղը ուժեղացնելու համար, չարդարացրեցին իրենց: Մեր խաղի տեմպը և որակը ընկան: Դրա համար պարտության պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, բայց վստահ եմ և համոզված, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և ընտրական մյուս փուլում շատ ավելի ուժեղ թիմ կունենանք ու կպայքարենք բարձր տեղերի համար:
- Երկրորդ խաղակեսում թիմը մի շարք գոլային պահեր ունեցավ: Ի՞նչն էր պատճառը, որ ֆուտբոլիստները չկարողացան եզրափակել գրոհները:
- Ինչ-որ տեղ մարզական բախտը չժպտաց, մյուս դրվագներում դարպասապահը վստահ խաղաց կամ վերջին փոխանցումը չստացվեց: Կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչու չստացվեց: Միայն կարող եմ նշել, որ ցավում եմ այս պարտության համար, որովհետև խաղի որակից և նվիրվածությունից դժգոհություն չունեմ, կառուցումը բավական լավ էր, բայց պարտվեցինք:
- Պարոն Բարսեղյան, ինչո՞վ էիք առաջնորդվել մեկնարկային կազմն ընտրելիս:
- Նախ ասեմ, որ այս խաղից առաջ մենք ընկերական հանդիպում անցկացրեցինք իրաքյան թիմի դեմ, և եթե դուք նկատեցիք, այս խաղի կազմը ոչնչով չէր տարբերվում այդ հանդիպման կազմից: Մի քանի անգամ նայելով խաղը՝ եկա այն համոզման, որ մեկնարկային կազմի տղաները լավ աշխատանք էին կատարել և այս խաղում էլ կարդարացնեն սպասելիքները: Անկեղծ լինեմ, այդպես էլ եղավ, բայց, ցավոք, գոլային պահերի չիրացման պատճառով պարտվում ենք մի խաղում, որում պարտվելու իրավունք չունեինք:
- Խաղաժամանակ չստացավ Գոռ Աղբալյանը, կա՞ ինչ-որ հստակ պատճառ:
- Ոչ մի պատճառ չկա։ Այս անգամ որոշեցի Ալիկ Հովհաննիսյանին մտցնել խաղադաշտ, հաջորդ անգամ, հնարավոր է, Գոռ Աղբալյանը խաղա: Մենք ունենք ֆուտբոլիստներ ովքեր ընդհանրապես չընդգրկվեցին 18 ֆուտբոլիստների ցուցակում, չնայած շնորհալի տղաներ են:
- Ի՞նչ հետևություններ եք արել այս խաղից:
- Ճիշտն ասած՝ ես չափազանց դժգոհ եմ մրցաշարային աղյուսակում մեր դիրքից: Վստահ եմ, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի ստեղծված իրավիճակից դուրս գանք և գոնե վերջին հորիզոնականից խուսափենք: Ես էլ, տղաներն էլ հասկանում ենք, որ դա մեր տեղը չէ, ուստի կանենք հնարավորը՝ գոնե այդ խնդիրը լուծելու համար: