Դատարանը մերժել է «Յուվենթուսի» հայցը
«Յուվենթուսը» փոխհատուցում չի ստանա, որը պահանջում էր Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայից ու Ազգային օլիմպիական կոմիտեից։ Հայտնի է դարձել, որ Իտալիայի վարչական դատարանը մերժել է թուրինյան ակումբի հայցը, որով նշված կազմակերպություններից պահանջվում էր վճարել 444 մլն եվրո։ Այս մասին հայտնում է football.ua-ն։
«Ծեր սինյորան» ցանկանում էր այդ գումարն ստանալ որպես բարոյական փոխհատուցում՝ 2006 թ. Կալչոպոլիի ընթացքում եկամտի կորստի ու իր հեղինակությանը հասցված վնասի համար։ Հիշեցնենք, որ այդ ժամանակ ապացուցվել էր, որ «Յուվեի» ներկայացուցիչներն աշխատել են մրցավարների հետ, ինչի պատճառով թուրինցիները զրկվել են երկու չեմպիոնությունից, ինչպես նաև ուղարկվել «B» սերիա։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ «Ինտերի» ներկայացուցիչը նույնպես կապեր է ունեցել մրցավարների հետ։ Սակայն այն պահին, երբ դա բացահայտվել է, հայցային վաղեմության ժամկետն անցել էր։
Այդուհանդերձ, դատարանը մերժել է «Յուվենթուսի» հայցը։