Վենգերը Մոուրինյոյին հեռացրել է իր կողքից
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և Լոնդոնի «Արսենալը» գլխավորող Արսեն Վենգերը կրկին միմյանց հետ ընդհանուր լեզու չեն գտել: Հերթական անգամ դա արտահայտվել է ՈւԵՖԱ-ի առաջատար մարզիչների համագումարում, որը տեղի է ունեցել Նիոն քաղաքում:
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, պորտուգալացի մասնագետը շատ սիրալիր է եղել բոլորի նկատմամբ: Հետո նա մտել է նիստերի դահլիճ, որտեղ հավաքված են եղել մարզիչներն ու պաշտոնական անձիք: Նկատելով ազատ աթոռ Արսեն Վենգերի կողքին` Մոուրինյոն հարցրել, թե արդյոք կարելի՞ է նստել այդտեղ:
«Ոչ, չի կարելի»,- հետևել է Վենգերի պատասխանը:
Հիշեցնենք, որ Մոուրինյոյի ու Վենգերի հարաբերությունները լարված են դեռևս 2004 թ.-ից, երբ պորտուգալացին գլխավորել էր «Չելսին»: