Մանչեսթերյան դերբիից առաջ ի՞նչ նվեր է Իբրահիմովիչն ուղարկել մրցակից թիմի դարպասապահին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որոշել է Մանչեսթերյան դերբիից առաջ մի քիչ հումոր անել ու թոթափել լարվածությունը կամ, ով գիտե, գուցե ընդհակառակը` ավելացնել այն:
Բանն այն է, որ շաբաթ օրը Իբրան իր մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ կմասնակցի Մանչեսթերյան դերբիին: Ներկա պահին 2 թիմերն էլ Պրեմիեր լիգայում ունեն 100 տոկոսանոց արդյունք, սակայն «Մանչեսթեր Սիթին» հանդիպումը կանցկացնի առանց հարձակման գծի առաջատար Սերխիո Ագուերոյի, ով 3 խաղով որակազրկվել է:
Եվ ահա Զլատանը Զլատանը չէր լինի, եթե լուռ սպասեր հանդիպմանը: Փոխարենը շվեդ հարձակվողն ինստագրամի իր էջում տեսանյութ է տեղադրել, որն ուղղված է եղել «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյին: Տեսանյություն Իբրան փաթեթավորում է իր մարզաշապիկն ու ուղարկում այն չիլիցի դարպասապահին` գրվածքով.
«Բարի գալուստ Մանչեսթեր: Ահա քեզ մարզումների համար նախատեսված մարզաշապիկ: Այն քեզ պետք կգա: Կհանդիպենք շաբաթ օրը»:
Սեպտեմբերի 10-ին «Օլդ Տրաֆորդում» Իբրահիմովիչը կփորձի ապացուցել, որ իր «սպառնալիքներն» անհիմն չէին: Ներկա պահին շվեդ ֆուտբոլիստն իր ակտիվում արդեն ունի 3 գոլ: