Այսօրվա դրությամբ ամենասխալ բանն որևէ զիջումների գնալն է. Թևան Պողոսյան
ԼՂՀ հակամարտության կարգավորման մի տարբերակ, որ բոլորիս համար լավ կլինի, դեռ չկա,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Ըստ նրա, սերունդների խնդիր է. «Արդյո՞ք այսօրվա դրությամբ մենք բարոյական իրավունք ունենք վերցնել ինչ-որ լուծում մեր ծոռների համար բերելուն»:
Թ. Պողոսյանի խոսքով՝ այսօր հայկական կողմն ունի ավելի շատ հնարավորություններ առաջ տանելու իր շահերը:
«Այս հնարավորություններն օգտագործելով՝ ինչո՞ւ չենք ցանկանում ավելի լավ իրավիճակ ձևավորել, հետո հանձնել մեր թոռներին: Այսօրվա դրությամբ ամենասխալ բանն որևէ զիջումների գնալն է: Պետք է զարկը տալ հայության համար պինդ ողնաշար ձևավորելուն»,- ասաց քաղաքական գործիչը՝ ընդգծելով, որ այսօրվա դրությամբ հասկանում է՝ Ղարաբաղի հարցի լուծումն առնվազն հայկական կողմի համար իր չլուծման մեջ է:
«Այսօրվա դրությամբ ցանկացած մեկը, ով փորձում է լուծում ասել, ստերիոտիպային ինչ-որ զիջումներ ենք հասկանում: Այն ժամանակ, երբ լուծում բառի մեջ կհասկանանք, որ այնքան հզոր ենք, ձևավորել ենք այնպիսի մեխանիզմներ, որ աշխարհի մեծ երկրները գալիս են Հայաստան ու ասում են՝ ինչ ուզում ես, քո ուզածով է, այդ օրն էլ միանգամից միացումն իրավաբանորեն կլինի»,- նշեց Թևան Պողոսյանը: