Խորենացիում լրագրողների նկատմամբ բռնությունը ոստիկանության կողմից թիրախավորման արդյունք է եղել. ՏՎԽ
Տեղեկատվական վեճերի խորհուրդը (ՏՎԽ) հուլիսյան իրադարձությունների ժամանակ լրագրողների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառված բռնության դեպքերի վերաբերյալ հրապարակել է եզրակացություն: Ըստ ՏՎԽ եզրակացության, լրագրողներին ոստիկանները թիրախավորել են:
«Հավաքված փաստերի ուսումնասիրությունը և դրանց վերլուծությունը թույլ են տալիս եզրահանգել, որ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները և տեխնիկան ոչնչացնելը թիրախավորման, այլ ոչ թե ոստիկանների անփութության արդյունք են եղել։ Դրա մասին խոսում են բազմաթիվ փաստեր։
Մասնավորապես, թեև Սարի թաղում մինչև ցուցարարների նկատմամբ ուժի և հատուկ միջոցների կիրառումը ոստիկանները զգուշացրել են լրագրողներին մի կողմ քաշվել, ենթադրաբար նրանց մասնագիտական գործունեությանը չմիջամտելու նպատակով, այդուհանդերձ, ցուցարարների վրա հարձակվելու ընթացքում ոստիկանները ֆիզիկական բռնություն են կիրառել հատուկ այն օպերատորների նկատմամբ, ովքեր շարունակում էին տեսանկարահանել ցույցը ցրելու տեսարանը։
Ըստ 1in.am կայքի օպերատոր Դավիթ Հարությունյանի, քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, ովքեր ակնհայտորեն կատարում էին ոստիկանության հրահանգները, տեսնելով, որ նա նկարահանում է ցույցը ցրելու տեսարանը, վազելով մոտեցել են, հարվածել մարմնի տարբեր մասերին և մահակներով կոտրել տեսախցիկը։
Նույնիսկ երբ օպերատորը դադարեցրել է նկարահանումը և փորձել փախչել, այդ անձինք հետապնդել են այնքան ժամանակ, մինչև նրան հասնելով հագուստի վրայից պոկել ու դեն են նետել ՄԱՄՈՒԼ տարբերանշանը և տեսախցիկի մարտկոցներով պայուսակը։ Ակնհայտ է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների նպատակն է եղել ցույցը ցրելու տեսարանի նկարահանմանը խոչընդոտելը, որը, փաստորեն, նրանց հաջողվել է։
Հակառակ դեպքում ինչպես բացատրել այն հանգամանքը, որ բռնությունը կիրառվել է ՄԱՄՈՒԼ տարբերանշանը հստակորեն կրող անձի նկատմամբ, ինչպես նաև, որ հարվածները ուղղված են եղել ոչ միայն նրա մարմնի մասերին, այլև տեսախցիկին՝ վերջինս վնասելու հստակորեն արտահայտված դիտավորությամբ։ Ըստ որոշ այլ վկայությունների, ոստիկանների գործողությունները ուղղված են եղել տեսանկարահանված նյութերի ոչնչացմանը, որը նույնպես բացահայտում է ոստիկանության աշխատակիցների իրական նպատակը։
Հաշվի առնելով, որ վերը նշված փաստերի հիմքով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ, ի թիվս այլ հիմքերի, նաև ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հիմքով (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը), ինչպես նաև այն հանգամանքը, որ իրավակիրառ պրակտիկայում նախաքննական և դատական մարմինները հակված են մեկնաբանելու, որ 164-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը բացառապես դիտավորությամբ կատարվող հանցագործություն է, որի պարագայում առանցքային նշանակություն է ձեռք բերում փաստը, թե արդյոք լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելիս անձը տեղյակ է եղել վերջինիս լրագրող հանդիսանալու և դեպքի պահին նրա կողմից լրագրողական գործունեություն իրականացնելու հանգամանքների մասին, քրեական գործի քննությունը վարող մարմինները պետք է հաշվի առնեն վերը շարադրված փաստերը արարքը 164-րդ հոդվածի հիմքով հանցագործություն որակելու համար։
Այսպիսով, վերը նշված օրինակը, ինչպես նաև բազմաթիվ այլ դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ոստիկանների գործողությունները ուղղված են եղել լրագրողների և օպերատորների մասնագիտական գործունեության դեմ, այսինքն վերջիններս թիրախավորվել են բացառապես լրագրող լինելու և լրագրողական գործունություն իրականացնելու հատկանիշներով», -նշված է ՏՎԽ եզրակացության մեջ։
Բացի այդ, ըստ նույն եզրակացության, փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ոստիկանների գործողությունները ուղղված էին ոչ միայն լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, այլ նաև լրագրողներին պատժելուն։
«Ինչպես վերը նշված օրինակում, այնպես բազմաթիվ այլ դեպքերում, և՛ Սարի Թաղում, և՛ Խորենացի փողոցում, փաստերը ցույց են տալիս, որ նույնիսկ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուց և, թվում է, թե իրենց նպատակին հասնելուց հետո ոստիկանության աշխատակիցները շարունակել են բռնություններ կիրառել լրագրողների նկատմամբ՝ նրանց հարվածելով բռունցքներով, ոտքերով, փայտե մահակներով՝ հարվածները տեղալով գլխին, թևերին, ոտքերին, որովայնին այնպիսի պարագայում, երբ բռնության զոհերը դադարել են դիմադրություն ցույց տալ և միայն ձեռքերով փորձել են պաշտպանվել գլխին ուղղված հարվածներից։
Ընդ որում, բազմաթիվ դեպքերում մեկ լրագրողի նկատմամբ բռնությունը կիրառվել է միաժամանակ մի քանի ոստիկանների կողմից՝ վերջինիս վերցնելով օղակի մեջ, բռնելով թևերը և ոտքերը և, այդպիսով, զրկելով հարվածներից պաշտպանվելու որևէ հնարավորությունից։
Անպաշտպան, որևէ վտանգ չներկայացնող անձի նկատմամբ նման եղանակով բիրտ ֆիզիկական ուժի կիրառումը կարող է պայմանավորված լինել միայն մեկ հանգամանքով՝ զոհին սաստիկ ֆիզիկական ցավ ու տառապանք պատճառելու, հասարակության և իր սեփական աչքերում նրան նվաստացնելու, արժանապատվությունը նսեմացնելու մտադրությամբ։ Արդյունքում խախտվում է ոչ միայն խոսքի ազատությունը, այլ նաև ոտնձգություն է իրականացվում անձի կյանքի և առողջության նկատմամբ», -նշել են ՏՎԽ անդամները։
Նկատենք, որ Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամներ են՝ իրավաբան Արա Ղազարյանը, անկախ մեդիափորձագետ Մանանա Ասլամազյանը, Երևանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը և Մեդիա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սարի թաղի դեպքերով 19 լրագրող ճանաչվել է տուժող, հաստատվել է լրագրողների վնասված տեխնիկայի ցանկը. ՀՔԾ
- Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրված 6 անձանց
- Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար քրեական հետապնդում է հարուցվել
- Սարի թաղում լրագրողների և քաղաքացիների նկատմամբ բռնություններ կատարած ևս երկու անձ է կալանավորվել
- Սարի թաղում լրագրողներին խոչընդոտելու համար ևս 2 անձ է ձերբակալվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան