Հասմիկ Պապյան. Թվում էր՝ ապրիլյան դեպքերը պետք է զարթուցիչի դեր կատարեին
Անցած 25 տարում մենք եղել են խորը թմբիրի մեջ, վատնել ենք այդ տարիները և կառավարման լծակները փրփուրներին հանձնելով՝ ամայացրել ենք մեր հայրենիքի այս փոքրիկ և վերջին հատվածը,- «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության հիմնադիր համագումարի ժամանակ տեսագրության միջոցով հնչեցրած իր խոսքում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը:
Նշվեց, որ նա ցանկացել է ելույթ ունենալ այս հանդիպման ժամանակ, սակայն նախատեսվածից շուտ է վերադարձել Հայաստանից, այդ իսկ պատճառով նրա ելույթը նախապես ձայնագրվել է:
«Արտագաղթը, բնակլիմայական աղետալի վիճակը, որը նախ և առաջ պայմանավորված է վայրագ հանքարդյունաբերությամբ, ոչնչացված և պրիմիտիվ մենաշնորհության վրա հիմնված տնտեսությունը, ձախողված և գոյություն չունեցող մշակութային քաղաքականությունը, ապաշնորհ արտաքին քաղաքականությունը, իհարկե, բանակում տեղ գտած չարաշահումները մեր երկրի և ժողովրդի գոյությունը դրել են հարցականի տակ: Այսօր մենք կանգնած ենք գոյութենական խնդրի առջև»,- ասաց երգչուհին:
Ըստ նրա համոզմունքի՝ թվում էր, թե ապրիլյան դեպքերը պետք է զարթուցիչի դեր կատարեին, բայց դրանք ավելի ցցուն դարձրեցին այն ախտերը, որոնք առկա են երկրում և հասարակության մեջ:
««Սասնա ծռերի» գործունեությունը եկավ առավել ընդգծելու դժգոհության այն լուրջ ալիքը, որն առկա է մեր երկրում: Այդ ալիքը նույնպես մեծ հաշվով չկարողացավ ոչինչ փոխել: Այսօր ժողովրդին համախմբում է անհրաժեշտ, համախմբում մեր և մեր մշակույթին արժանի ազգային պետություն ստեղծու համար, թշնամուն՝ իր կողմից ծրագրված ավելի մեծ հարձակման դեպքում վերջնականապես ջախջախելու համար, մեր հայրենիքի ոչ միայն ԼՂՀ հատվածը, այլ այսպես կոչված ազատագրված տարածքները չհանձելու և մեր հազարամյա գոյությունն արժանապատվորեն շարունակել կարողանալու համար»,- իր ելույթում ասաց Հասմիկ Պապյանը:
Նրա խոսքով, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու հայ ժողովրդի համար:
«Առկա իրադրությունում դրանց ելքը դժվար չէ կանխատեսելը: Մեկ այլ երկու և կես տասնամյակ նման կերպ գոյություն քարշ տալու հնարավորությունն այս երկիրն այլևս չունի: Նման սցենարի պայմաններում այն պարզապես չի կարող գոյատևել»,- ասաց մտավորականը՝ խնդրելով ժողովրդին գիտակցելու այս շրջանի ողջ լրջությունը և, դրսևորելով քաղաքացիական մոտեցում, ինքնակազմակերպվել, լսելի դարձնել անհատական ձայնը և ստիպել հաշվի նստել իր հետ:
Հասմիկ Պապյանի խոսքով, հայ ժողովուրդը պատմության մեջ մեկ անգամ չէ, որ ճակատագրական պահերին համախմբվել է, դիրքորոշում արտահայտել, հաղթել, վերապրել:
«Ժամանակն է ոչ միայն հաղթելու, վերապրելու, այլ իրեն սպառած այս համակարգը նոր, արժանապատիվ, ազգային պետությամբ փոխարինելու: Ճակատագրական ժամանակներ են, իսկ ճակատագրական ժամանակներում սխալվելու իրավունք չկա»,- իր ելույթի վերջում ասաց Հասմիկ Պապյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Թռի-վռի մի ճպուռի» կյանքով ապրելու իրավունքը չունենք. Եղիշե Պետրոսյան
- Արվեստաբան. Մենք չենք վայելում մեր մշակույթը
- Տիգրան Մանսուրյան. Հայ ժողովուրդը մտքի, հոգու բոլոր շերտերով պետք է լինի ամբողջական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան