Կիրիան Նվաբուեզե. «Հետաքրքիր անցորդներն ու հայկական պիցցան»
«Արարատ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը զրուցել է թիմի ամերիկացի հարձակվող, ծագումով նիգերիացի Կիրիան Նվաբուեզեյի հետ, ով համալրել է «Արարատը» 2016 թ. փետրվարին` ԱՄՆ-ում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում: 23-ամյա ամրակազմ և արագավազ ֆուտբոլիստն առայժմ միայն մեկ գոլ է խփել «Արարատի» կազմում, սակայն Քիդը (այսպիսի անվամբ է նա հայտնի ֆուտբոլում) վստահ է որ, իր լավագույն խաղերն առջևում են:
Նիգերիական ծագումով ամերիկացին
- Ծնվել եմ Նիգերիայում և ընտանիքիս հետ տեղափոխվել ԱՄՆ, երբ 8 տարեկան էի: Մենք Green Card ստացանք և իմ ընտանիքը որոշեց օգտվել այդ մարտահրավերից: ԱՄՆ-ում երկար պայքարում էինք ավելի լավ կյանքի համար, ամենևին էլ հեշտ չէր: Ես սկսեցի ֆուտբոլ խաղալ քոլեջի թիմում: Հիմա ես ինձ ամերիկացի եմ համարում, սակայն չեմ մոռանում արմատներիս մասին. Իմ երակներում առաջվա պես նիգերիական արյուն է հոսում:
Առաջին փորձը մեծահասակների ֆուտբոլում և նորամուտը «Արարատի» դեմ խաղում
- Քոլեջի լիգայում 19 գոլ խփելուց հետո «Էլ Կամինոյում» իմ նախկին մարզիչը հրավիրեց ինձ «Լոս Անջելես Միսիոներոս», որտեղ ես 8 խաղում դարձա 8 գոլի հեղինակ: 2014 թ. Կիպրոսում կայացած ուսումնամարզական հավաքի ընթացքում տպավորեցի «Բանանցի» մարզիչներին և առաջին անգամ տեղափոխվեցի Հայաստան: Իմ առաջին պաշտոնական խաղում մրցակիցն «Արարատն» էր: Շատ լարված հանդիպում ստացվեց, դա իմ առաջին խաղն էր պրոֆեսիոնալ մակարդակում: Երիտասարդ էի և ինձ ժամանակ էր անհրաժեշտ հայկական ֆուտբոլին հարմարվելու համար: ԱՄՆ-ի համեմատ, տարբերությունները շատ էին: Սկզբից ամեն ինչ լավ էր ընթանում: Սակայն, իմ և «Բանանցի» մարզչի ֆուտբոլային մտածելակերպերը տարբերվում էին: Այդ պահից ի վեր շատ բան է փոխվել. Հիմա ես ավելի փորձառու եմ և բարձրացրել եմ խաղամակարդակս:
Իմ լավագույն խաղերն առջևում են
- 2015 թ. պայմանագիր ստորագրեցի «Տուլսա Ռաուֆնեկս» թիմի հետ: Չէի ասի, թե դա իմ լավագույն մրցաշրջանն էր, չնայած, որ United Soccer League-ում անցկացրած մրցաշրջանը լավ փորձ էր ինձ համար: Կարծում եմ, որ իմ լավագույն խաղերն առջևում են: Հետո եկա «Արարատ»: Մարզիչը հավատաց ինձ և ընդգրկեց թիմում: «Արարատում» անցկացրած նախորդ 6 ամիսները լավագույնն էին իմ ֆուտբոլային կարիերայում: Ես մեծ բավականություն եմ ստանում խաղալով այս թիմում, լավ հարաբերությունների մեջ եմ թիմակիցներիս հետ: Ուրախ եմ, որ այստեղ եմ: Ես արդեն զգացել էի հայկական ֆուտբոլի «համն ու հոտը» և ունեի հստակ ակնկալիքներ: Ավելի լավ էի պատրաստ նոր մարտահրավերին: Ֆուտբոլն այստեղ տեխնիկապես շատ հագեցած է, երբեմն էլ` շատ ագրեսիվ: Միանշանակ, Հայաստանի առաջնության խաղամակարդակն ավելի բարձր է:
Համբերատարություն և նպատակներ
- Ավելի շատ գոլեր խփելու համար պետք է ավելի հաճախ հայտնվեմ տուգանային հրապարակում և խաղամ կենտրոնական հարձակվողի դիրքում: Եթե ես ավելի համբերատար լինեմ, գոլերը կգան: Մենք որոշակի խնդիրներ ունեցանք առաջնության մեկնարկում, սակայն ներկայումս մարզիչներն աշխատանք են տանում թիմի խաղը բարելավելու ուղղությամբ: Մեր նպատակները հետևյալն են` հաղթել ամեն խաղում, գրավել բարձր հորիզոնական առաջնությունում և ձեռք բերել եվրոպական ակումբային մրցաշարերից մեկին մասնակցելու ուղեգիր:
Ինձ այստեղ դուր է գալիս: Սիրում եմ բնական հումքից պատրաստված կերակուրները և հայկական պիցցան: Երբեմն առևտուր եմ անում: Փողոցներում կարելի է հանդիպել հետաքրքիր անցորդների, որոնք ցանկանում են ծանոթանալ քեզ հետ, շփվել:
Հայերենի դասերն ու իսպանացի ընկերոջ ժառանգությունը
- Առաջին բառը, որ պետք է իմանալ դա «Բարի լույսն» է: Այնուհետև հարցնում ես «Ի՞նչ կա» և լսում «Բան չկա» պատասխանը (ծիծաղում է): Բոլորը հարցնում են. «Ի՞նչ կա, Քիդ»: Տարիներ առաջ, երբ ես սովորում էի միջնակարգ դպրոցում, ունեի մի իսպանացի ընկեր, ով չէր կարողանում իմ անունը ճիշտ արտասանել և ինձ Կիդիան էր ասում: Այնուհետև նա երևի կարծեց, որ իմ անունը չափացանց երկար է իր համար և սկսեց ինձ պարզապես Քիդ անվանել: Այդ պահից ի վեր բոլորն ինձ ճանաչում են Քիդ անունով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա