Նոր կառավարությունը կաշխատի մինչև սպասվող խորհրդարանական ընտրություններ. Արտակ Զաքարյան
Կարծում եմ՝ մենք կունենանք ազգային համաձայնության կառավարություն,-քիչ առաջ Հանրապետական կուսակցությունում ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հնարապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Հարցին, թե ՀՀԿ-ում քննարկվե՞լ է Կարեն Կարապետյանի թեկնածության հարցը, Զաքարյանը պատասխանեց, որ մի քանի րոպեից մեկնարկող ՀՀԿ խորհրդի նիստում այդ թեմային կանդրադառնան: Նաև ընդգծեց, որ Կարեն Կարապետյանի թեկնածությունն է առաջադրված և իր տեղեկություններով, այլ թեկնածուներ չկան:
Անդրադառնալով Կարեն Կարապետյանի անկուսակցական լինելուն, Զաքարյանն ասաց, որ նա եղել է Երևանի ավագանու ցուցակում, ՀՀԿ-ի հետ երկար աշխատել է ու հավելեց. «Դուք ինքներդ գիտեք, որ Հանրապետական կուսակցությունը կուսակցամոլությամբ չի զբաղվում և միշտ կարողացել է համախոհների ու իր հետ համագործակցող անձանց հետ երկար ճանապարհ անցնել»:
Նոր վարչապետի ղեկավարությամբ կառավարությունը, ըստ պատգամավորի, կաշխատի մինչև սպասվող խորհրդարանական ընտրություններ՝ 2017 թվականի ապրիլ ամիսը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե իմաստը ո՞րն էր ժամանակավոր վարչապետ ունենալու, Զաքարյանը արձագանքեց. «Ժամանակավոր չէ: Յուրաքանչյուր ժամանակ բերում է իր պահանջները և այս պարագայում մենք ունենք որոշակի ստեղծված իրավիճակ՝ հանրային պահանջների հիման վրա, և այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր հայտարարության մեջ նաև դրան անդրադարձավ»:
Մյուս հարցին, թե վարչապետի փոփոխությունը հանրային պահա՞նջ է, ՀՀԿ-ականը արձագանքեց. «Կառավարության փոփոխությունը և նորամուծությունը նաև հենված է հանրության կողմից նոր լուծումների ու մոտեցումների անհրաժեշտությամբ: Կապ չունի, թե որքան ամիս է աշխատում կառավարությունը: Կապ ունի, թե հասարակությունը ինչպիսի վերաբերմունք ունի կառավարման համակարգի նկատմամբ: Կարծում եմ, որ հասարակությունը նոր մոտեցումների, նոր լուծումների անհրաժեշտություն ունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին