«Կանայք հասարակությունում հեղափոխությունների, բարեփոխումների գործակալներ են». Ռ. Կիրակոսյան
Կանայք շատ լավ են հասկանում խաղաղության գինը, քանի որ հենց այդ խախաղության համար ամենաթանկը վճարողը նրանք են: Այսօր «Կովկասի կանայք հանուն խաղաղության և կայունության: Խաղաղությունը սկսվում է քո տնից» խորագիրը կրող կոնֆերանսի ժամակ իր ելույթի խոսքում ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվորթը՝ կարևորելով կանանց մասնակցությունը հասարակական և քաղաքական կյանքին:
Նշենք, որ տարածաշրջանային բնույթ կրող կոնֆերանսը կազմակերպվում է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ նախաձեռնությամբ: Յուրաքնաչյուր տարի կոնֆերանսի թեման փոփոխվում է՝ պայմանավորված աշխարհում գրանցվող կարևորագույն խնդիրներով: Տարածաշրջանային կոնֆերանը նպատակ ունի համատեղ հարթակ ստեղծել Կովկասի կանանց համար, ովքեր ներգրավված են խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանության գործում:
«Պետք է կարևորել խաղաղության համար կանանց ներդրած ջանքերը, սակայն նրանց մասնակցությունն անբավարար է եղել և հիմա էլ շարունակում է այդպիսին մնալ քաղաքական կյանքում: Անհրաժեշտ է մեծ տեղ տալ կանանց աշխատանքին, աշխատանքի ու խոսք ասելու հավասար հնարավորություններ ապահովել: Մենք աջակցում ենք այս միջոցառումը»,-նշեց դեսպան Ֆարնվորթը:
Միջոցառմանը ներկա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանն էլ ընդգծեց, որ միջոցառումների կարիք կա ամբողջ աշխարհում. «Կովկասը, փոքր տարածաշրջան լինելով, բավական լարված վիճակում է: Նոր և համապատասխան մոտեցումներ են անհրաժեշտ՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար: Պետք է ամեն ինչ անենք, որ այսպիսի կոնֆերանսները երկրագնդով մեկ վերածվեն խաղաղության շարժումների, քանի որ անկանոն քաղաքականությունն աշխարհով մեկ պատերազմի է վերածվում»:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով էլ կանանց ներգրավվածությունն անհարժեշտ է ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքականությունից սկսած:
«Բավական չէ կանգնել և կողքից քննադատել, պետք է մասնակից լինել ամենին: Կանայք հասարակությունում հեղափոխությունների, բարեփոխումների գործակալներ են: Ես հիմա Հայաստանին նայում եմ իմ 6-ամյա աղջկա աչքերով, ինչպիսի՞ Հայաստան ենք մենք տալու գալիք սերնդին: Հայաստանում իսկական փոփոխությունների կարիք կա և դրանք պետք է լինեն ներսից: Մեր խնդիրները պետք է լուծենք ներսում, մեր ապագան մեր ձեռքում է»;