Մանչեսթերյան դերբիից հետո Մոուրինյոն Գվարդիոլային հրավիրել է մեկ գավաթ գինի խմելու
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է հարթել հարաբերությունները «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի հետ և մանչեսթերյան դերբիից հետո նրան հրավիրել է միասին գինի խմելու: Այս մասին տեղեկացնում է «The Sun»-ը:
Մարզչական այս հակամարտությունը սկսվել է դեռևս 2009/10 թթ. մրցաշրջանից, երբ «յուրահատուկը» գլխավորում էր «Ինտերը»: Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում «Ինտերը» դուրս մղեց Պեպի «Բարսային»: Սեփական հարկի տակ իտալական ակումբը վստահ հաղթանակ տոնեց 3:1 հաշվով, սակայն արտագնա խաղում պարտվեց նվազագույն հաշվով` ամբողջ 2-րդ խաղակեսն անցկացնելով 10 հոգով:
Մոուրինյոյի և Պեպի թշնամանքը սկսվեց հենց «Նոու Կամպում» կայացած խաղից: Պորտուգալացին հանդիպման ընթացքում փորձում էր ճնշում գործադրել Գվարդիոլայի վրա, իսկ խաղից հետո, երբ արդեն պարզ էր, որ պայքարը կշարունակի «Ինտերը», Մոուրինյոն երկրպագուներին և կատալոնյան թիմին հունից հանում էր ցուցադրած վիրավորական ժեստերով:
Արդեն հաջորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հրավիրեց Մոուրինյոյին մեկ նպատակով` կանգնեցնել «Բարսելոնին» և Գվարդիոլային: Պորտուգալացի մանսագետն «Արքայական ակումբի» հետ միասին այդ տարի կարողացավ դառնալ երկրի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր: Սուպերկլասիկոներից յուրաքանչյուրում պայքարն ընթանում էր ոչ միայն խաղադաշտում, այլև գլխավոր մարզիչների միջև:
Թվում է, ճակատագիրն ինքն է միմյանց դեմ դուրս բերում այս երկու մասնագետներին: Արդեն այս ամառ Մոուրինյոն գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը», Գվարդիոլան` «Մանչեսթեր Սիթին»: Անգլիական ամենահամառ դերբիներից մեկն այլ երանգ ստացավ` ի դեմս այս երկուսի:
Բայց, արի ու տես, միմյանց վրա փոխադարձ աղբ շպրտելու փոխարինեն «յուրահատուկը», ոչ ավել, ոչ պակաս, Պեպին հրավիրել է խմելու: Հասարակության ուշադրությունը գրավելու հերթական քայլ, թե՞ իսկապես հարաբերությունները հարթելու միջոց` երևի թե գիտի միայն Մոուն:
Իսկ մինչ այդ ամբողջ ֆուտբոլային Եվրոպան սպասում է մանչեսթերյան դերբիին, որը կկայանա առաջիկա շաբաթ օրը` «Օլդ Տրաֆորդում»: