Ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն` Երևանում
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Ճապոնիայի դեսպանության հետ համատեղ կազմակերպում է ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 8-ից 11-ը:
Այս մասին այսօր նախարարության դահլիճում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել են Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, Ճապոնիայի շինջուկու կենդո ֆեդերացիայի սենսեյ Միցունորի Մացումուրան, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միխայելյանը, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը և Հայաստանի «Կենդո» ակումբի նախագահ Արթուր Պողոսյանը: Տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Փառատոնի եզրափակիչ օրը Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում Հայաստանի ձյուդոյի, այկիդո այկիկայ, բուդոշին և կարատեի ֆեդերացիաների ավելի քան 200 ներկայացուցիչներ հանդես են գալու ցուցադրական ելույթներով: Նույնատիպ ելույթներով հանդես են գալու նաև Ճապոնիայից ժամանած բարձրակարգ վարպետները: Փառատոնի շրջանակներում Երևանում գտնվող ճապոնական Կենդո մարզաձևի սենսեյները երկօրյա սեմինարներ են անցկացնելու Երևանում և Վանաձորում:
Նշենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի միջև փառատոնի անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս մայիս ամսին՝ նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ: