Ցանկացած պատերազմի ժամանակ ամենամեծ գինը վճարում են երեխաները և կանայք. սիրիացի Ղաիդա Օդաթ
«Խորապես համոզված եմ, որ ցանկացած իրավիճակում, ցանկացած հակամարտության դեպքում, որ երկրում էլ, որ դա լինի կարող է և պետք է լինի խաղաղ հանգուցալուծում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սիրիայի կանանց հանձնաժողովի նախագահ Ղաիդա Օդաթը:
Սիրիացի կինը պատմեց, որ զբաղվում է քաղաքական գործընթացներով և արդեն երկու տարի է Սիրիայում չի բնակվում. «Քաղաքական գործընթացների մասնակից էի նաև իմ երկրում: Բավականին դժվար է կին ակտիվիստ լինել, դա գալիս է նաև հասարակությունից, քանի որ շատ հաճախ նման գործողություններում չի ընկալվում կնոջ դերը: Դրա համար պետք է ՄԱԿ-ի համապատասխան սատարումն ու քաջալերումը լինի ակտիվիստ կանանց նկատմամբ»:
Նրա խոսքով՝ ցանկացած պատերազմի ժամանակ ամենամեծ գիը վճարում են երեխաները և կանայք, նույնիսկ եթե այդ պատերազմը հանուն արդար գաղափարների է:
«Սիրիայում սկզբում խաղաղ ամեն ինչ ձևով սկսվեց՝ 40-ից ավելի տարիներ երկրում իշխող բռնապետությունից ձերբազատվելու համար, բայց այն պահից երբ, որ զենքն ու մնացած ուժային ռեսուրսները միացան, դա դարձավ արհավիրք: Այսօր մեր պայքարը նույնն է մնում, մենք ուզում ենք, որ մեր երկրում հաղթի ժողովրդավարությունը, բայց այդ ամենը տեղի ունենա խաղաղ ճանապարհով»,-հավելեց նա:
Նշենք, որ կոնֆերանսի ժամանակ կոնֆլիկտների կանխարգելման գործում կարևորագույն դեր ունեցած ակտիվիստ կանանց «Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակ» է հանձնվում:
Այս տարի «Երիտասարդ կանանց Կովկասի խաղաղության մրցանակին» արժանացան.
Ղաիդա Օդաթը (Սիրիա), Խեդա Օմարխադիևան (Չեչնիա, ՌԴ), էլիկո Բենդելիանին (Վրաստան):