Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Շարական» փառատոն
Տաթևի վանական համալիրում սեպտեմբերի 14-16-ն առաջին անգամ տեղի կունենա «Շարական» փառատոնը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի կազմակերպիչ Music of Armenia-ի հիմնադիր տնօրեն, «Շարական» փառատոնի հիմնադիր Հասմիկ Մովսիսյանը:
Ըստ նրա, «Շարական» փառատոնի նպատակներն են վերաբացահայտել և պահպանել հայ հոգևոր երաժշտության ժառանգությունը, ծանոթացնել այդ ժառանգությունը նաև օտարազգիներին, բացահայտել նոր տաղանդներ, խթանել ազգային, միջազգային և միջմշակութային համագործակցությունը:
«Համոզված եմ, որ լսարանի մեծ մասը կլինեն օտարազգիներ, քանի որ Տաթևում շատ են զբոսաշրջիկները»,- ասաց նա:
Հ. Մովսիսյանի խոսքով, նախատեսում են փառատոնը դարձնել ամենամյա:
Փառատոնի բացմանը ելույթ է ունենալու Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյան), անցկացվելու է վարպետության դաս Ռոբերտ Մլքեյանի մասնակցությամբ: Սեպտեմբերի 15-ին ելույթ է ունենալու Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյան): Սեպտեմբերի 16-ին հանդես է գալու Տաթևի վանական երգչախումբը:
Ասուլիսին ներկա Հայաստանի կամերային երգչախմբի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանն ասաց, որ Հայաստանի պետական կամերային երգչախումբը ներկայացնելու է միջնադարյան հոգևոր երաժշտություն, Կոմիտաս, ժամանակակից կոմպոզիտորների հոգևոր ստեղծագործություններ:
Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հ. Թոփիկյանն ասաց, որ իրենց համար շատ կարևոր է, թե որտեղ են ելույթ ունենում, իսկ Տաթևի վանական համալիրում ելույթ ունենալն առավել ոգևորող է: Նա նշեց, որ իրենք ներկայացնելու են Կոմիտաս:
Հ. Մովսիսյանի խոսքով, Մայր Աթոռը տեղյակ է փառատոնի մասին, ծանոթացել է նաև ծրագրին, պայման է եղել, որ ծրագրում պետք է հնչի միայն հայկական հոգևոր երաժշտություն:
Նշենք, որ փառատոնն անցկացվում է «Տաթևի վերածնունդ» հիﬓադրաﬕ աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում