Դավիթ Բաբայան. Ցանկացած նման հանդիպում նպաստում է խաղաղության և կայունության պահպանմանը
Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում, որովհետև ցանկացած այդպիսի հանդիպում նպաստում է խաղաղության և կայունության պահպանմանը: «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ այսօր Մոսկվայում կայացած հանդիպմանը, նշեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Ինչպես տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից, հանդիպման ժամանակ քննարկվել են «ղարաբաղյան խնդրի կարգավորման արդի հարցեր», այդ թվում՝ մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:
Նկատառմանը, որ ադրբեջանական կողմը վերը նշված հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ոչ մի դրական քայլ չի կատարել, Բաբայանը նշեց, որ՝ «այո, բարդ գործընթաց է, սակայն ինչքան էլ որ բարդ լինի պետք է շարունակել, ինչքան էլ որ այն բարդ լինի»:
«Եվ քանի որ Հարավային Կովկասը շատ կարևորագույն ռազմավարական նշանակություն ունի գլոբալ աշխարահաքաղաքականության մեջ, իսկ այստեղ իրավիճակի խաղաղ և կայուն պահպանելու առանցքային բաղադրամասերից է նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտին, հետևաբար չնայած Ադրբեջանի նման պահվածքին, այսինքն՝ եղած պայմանավորվածություններում դրական քայլեր չկատարելուն, ավելի գերադասելի է գերտերությունների և ընդհանրապես Մինսկի խմբի եռյակի համար շարունակել այդ հանդիպումները»,- նշեց Դավիթ Բաբայանը և հավելեց, որ ցանկացած ռազմական լուծում միջնորդները բացառում են:
Իրավիճակի կայուն և խաղաղ պահպանման հարցում Բաբայանը կարևորեց թե՛ համանախագահող երկրների, թե՛ միջազգային հանրության ակտիվ ջանքերը:
«Թե՛ ԱՄՆ-ը, թե Ռուսաստանը, թե՛ Ֆրանսիան, ինչքան ակտիվ լինեն, որքան ավելի մեծ ջանքեր գործադրեն խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ, այնքան ավելի արդյունավետ կլինի դա: Բայց նաև պետք է հաշվի առնել, որ անհրաժեշտ է Ադրբեջանի նկատմամբ ավելի կոշտ միջոցառումներ ձեռնարկել, որովհետև մի կողմից ասում են որ կայունություն և խաղաղություն պետք է լինի, մյուս կողմից Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը, իսկ միջազգային հանրությունը կարծես թե աչք է փակում դրա վրա»,- նշեց նա և հավելեց, որ անհրաժեշտ է այս ամենի հետ նաև սկզբունքայնություն ցուցաբերել, միշտ չէ որ փողը պետք է ամեն ինչ որոշի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան