Տիգրան Ջրբաշյան. Կառավարության փոփոխությունը լավ իրավիճակ է ձևավորում
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում այսօր ներկայացրեց Հայաստանի հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ իր առաջարկությունների փաթեթը:
«Մի շարք բիզնես ասոցիացիների հետ համատեղ բավական կոշտ դիրքորոշում ունեինք կապված ներկայացված հարկային բարեփոխումների տարբերակի հետ: Կարծում էինք, որ նմանատիպ տեսքով և բովանդակությամբ Հարկային օրենսգիրքը լուրջ խնդիրներ է առաջացնելու բիզնեսի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը:
Նա նշեց, որ իրենք մշակել են հարկային բարեփոխումներ վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ Հարկային օրենսգրքի այլընտրանքային տարբերակ:
«Ամենակարևոր և սկզբունքային մոտեցումն այն է, որ, չգիտես ինչու, թե կառավարության, թե միջազգային ֆինանսական կառույցների մոտ այն տպավորությունն է, որ բիզնեսը միայն մտահոգված է բիզնեսին վերաբերող հարկերի մասով: Իրականում այդպես չէ, բավականին բալանսավորված մոտեցում ենք ցուցաբերել: Մեր առաջարկած տարբերակն անգամ գերազանցում է հարկահավաքման տեսակետից այն տարբերակից, որ այսօր քննարկվում է Ազգային ժողովում: Ցանկացած ժամանակակից բիզնես ոչ պակաս կարևորում է պետության կայունությունը, բյուջետային հավաքվելու կարողությունը, որովհետև դա բերում է համակարգի կայունություն, վերջիվերջո՝ բիզնեսի ռիսկերի կառավարմանը»,- ասաց նա:
Ամերիկյան առևտրի պալատն առաջարկում է ընդունել «21» հայեցակարգը՝ սահմանելով հավասար դրույքաչափեր եկամտային հարկի, ավելացված արժեքի հարկի, շահութահարկ + շահաբաժնի հարկի համար: Ըստ Տ. Ջրբաշյանի, տվյալ հայեցակարգի նպատակն է ապահովել միասնական, ընկալելի, պարզ համակարգ, ապահովել հավասարակշռությունը թե բիզնեսի, թե գործատուի, թե աշխատողների, թե հասարակության ու պետության համար:
Տ. Ջրբաշյանի խոսքով, եթե գոյություն ունեցող օրենսգիրքն ապահովում է 2 տոկոս համախառն ներքին արդյունքի ավելացում հարկահավաքման, իրենց կողմից առաջարկվող տարբերակով լինում է գրեթե 3 տոկոս համախառն ներքին արդյունքի ավելացում հարկահավաքման, բայց միաժամանակ ապահովվում է թե բիզնեսի համար նորմալ միջավայր, թե աշխատողների, թե պետության:
Նա ասաց, որ այս տարբերակը քննարկվել է կառավարության հետ, նշվում էր, որ կան տրամաբանական, նոր բաներ, սակայն իրատեսական չէր այդ պահին նմանատիպ փոփոխությունները, քանի որ Հարկային օրենսգրքի ընդունման համար կար որոշակի ժամանակային սահմանափակումներ:
Պատասխանելով հարցին, թե նոր կառավարությունն ինչքանո՞վ կնպաստի առաջարկների այս տարբերակի ընդունմանը, Տ. Ջրբաշյանն ասաց. «Առնվազն ծանրաբեռնված չի լինի նախորդ կառավարության պարտավորություններով: Կարծում եմ և հույս ունեմ, որ կփորձի լինել շատ ավելի բիզնեսին միտված, հավասարակշռված»:
Նրա գնահատմամբ, կառավարության փոփոխությունը լավ իրավիճակ է ձևավորում, կարելի է ավելի խորքային ձևով վերանայել, ընդունել մի փաստաթուղթ, որը կլինի զարգացման փաստաթուղթ, ոչ թե տակտիկական խնդիրների լուծմանն ուղղված:
«Կարծում եմ՝ կլինի ավելի բաց ու խորը քննարկում»,- ընդգծեց Տիգրան Ջրբաշյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Ազգային ժողովը արտահերթ նիստում 68 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբը առաջին ընթերցման ռեժիմով ընդունել է Հարկային օրենսգրքի նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունում քննարկվել են Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ ներկայացված առաջարկությունները
- Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ ստացվել են բազմաթիվ առաջարկություններ. վարչապետ
- Տնտեսագետ. Կարծում եմ, աշնանը Հարկային նոր օրենսգրքի վերաբերյալ դժգոհության գործողություններ կլինեն
- Բիզնես ասոցիացիաներն իրենց մտահոգությունն են հայտնում Հարկային օրենսգրքի վերաբերյալ
- Չնայած դժգոհություններին՝ Հանրապետականն ընդունեց Հարկային օրենսգրքի նախագիծը