Ռիոյի Օլիմպիական չեմպիոնը սուտ տեղեկատվություն տալու համար որակազրկվել է 10 ամսով
Ռիո դե Ժանեյրոյում ավարտված Օլիմպիական խաղերի չեմպիոն, ամերիկացի լողորդ Ռայան Լոխտեն 10 ամսով որակազրկվել է` բրազիլական քաղաքում տեղի ունեցած գողության հետ կապված պատմությունը սխալ ներկայացնելու համար: Այս մասին տեղեկացնում է «USA Today»-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Լոխտեն պատմել էր, որ ոստիկանական համազգեստով ներկայացած չարագործները կանգնեցրել են մեքենան, որի մեջ իրենից բացի եղել են ևս 3 լողորդներ: Նրանք երեկույթից հետո վերադառնում էին Օլիմպիական ավան: Լոխտեի խոսքերով` չարագործները, զենքի սպառնալիքով, հափշտակել էին իրենց դրամապանակները: Հետագայում պարզվել է, որ նման բան ընդհանրապես տեղի չի ունեցել, այլ հարբած լողորդներն իրենք են բոլորովին այլ վայրում սկանդալ հրահրել:
Օգոստոսի 20-ին սուտ տեղեկատվություն տալու համար Լոխտեն ներողություն էր խնդրել, սակայն Ռիոյի ոստիկանները նրան կանչել էին հարցաքննության: Միևնույն ժամանակ` նրան տեղյակ էին պահել, որ մարզիկն իրավունք ունի հրաժարվելու Ռիոյում ցուցմունք տալուց և դա կարող է անել ԱՄՆ-ում:
Հավելենք, որ լողորդի որակազրկման ժամկետը կավարտվի 2017 թ. հունիսի 30-ին, իսկ դա նշանակում է, որ նա չի մասնակցի Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մեքենայի մեջ գտնվող մյուս 3 լողորդները ևս որակազրկվել են` ավելի կարճ ժամկետներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա