Հանրապետությունում շարունակում է նվազել հացի, ալյուրի, հրուշակեղենի արտադրությունը
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ հանրապետությունում վերջին ամիսներին շարունակում է նվազել հացի, ալյուրի, հրուշակեղենի արտադրության ծավալը։
Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ, մասնավորապես, հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 164.1 հազ. տոննա հաց, ինչը 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2.3 տոկոսով նվազել է:
Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք նաև, որ նշված ժամանակահատվածում 14.1%-ով նվազել է ալյուրի արտադրությունը` կազմելով 90 հազար տոննա, իսկ հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են 1.6%-ով` կազմելով 8 720.8 հազար տոննա:
Վիճակագրության համաձայն` այս տարվա յոթ ամիսներին 9.8 %-ով նվազել է նաև ձավարեղենի արտադրության ծավալը: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտադրվել է 428.1 հազար տոննա ձավարեղեն, իսկ 2015թ-ի հունվար-հուլիսին՝ 474.4 տոննա:
Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա հունվար-հուլիսին 0.1%-ով աճել է միայն մակարոնեղենի արտադրությունը. եթե նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 1 693.5 տոննա մակարոնեղեն, ապա այս տարի` 1 695.1 տոննա: