Մինչև վստահության մթնոլորտ չլինի, չենք կարող խոսել փոխադարձ համաձայնությունների մասին. Սեյրան Օհանյան
«Մեր ակնկալիքը մեկն է, որ մեր առաջադրված տարբերակը կատարվի, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը լուծվի միայն ու միայն քաղաքական խաղաղ պայմաններում, երկխոսության միջոցով, փոխադարձ համաձայնությունների և ամենակարևորը վստահության մթնոլորտի ձևավորման շրջանակներում», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Մոսկվայում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ ընթացող բանակցություններից սպասվող ակնկալիքների մասին հարցին:
Ինչ վերաբերվում է վերջին շրջանում տարածքների հանձնման վերաբերյալ ակտիվ շրջանառվող տեղեկություններին, Օհանյանն ասաց, որ բանակցային գործընթացի շրջանակներում որոշումները պետք է համապարփակ լինեն ու հավելեց.
«Այս իրականության մեջ, երբ դժվար է հակառակորդի հետ լեզու գտնելը և մանավանդ, քառօրյա պատերազմից հետո սադրանքների այս մասշտաբները բերում են նրան, որ շարունակվում է առաջին գծում կամ շփման գծում վստահության մթնոլորտի ձևրավորման ուղղությամբ մերժումը հակառակորդի կողմից: Դա հնարավորություն է մեզ տալիս, որ մենք ասենք՝ մինչև վստահության մթնոլորտ չլինի, չենք կարող խոսել փոխադարձ համաձայնությունների մասին: Եթե Արցախին ու Արցախի ժողովրդին մի բան պատահի, մենք յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք»:
Անդրադառնալով սահմանային իրադրությանը, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ վերջին շրջանում սահմանային լարվածության միտումներ չկան, և կողմերի միջև պայմանավորվածությունը կատարվում է՝ ծանր հրետանի չի կիրառվում, և կրակոցները միայն հրաձգային զենքից են:
«Դրան Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքապահները ուշադիր հետևում են և անհրաժեշտության դեպքում, կանխարգելիչ միջոցառումներ իրականացվում են», -հավելեց Սեյրան Օհանյանը: