ՌԴ-ն և ԱՄՆ-ն Սիրիայի հարցով պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ժնևում ավարտվել են Սիրիական հարցի շուրջ Լավրով-Քերրի բանակցությունները: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ , բանակցությունները ռեկորդային ցուցանիշ են արձանագրել՝ տևելով ավելի քան 15 ժամ:
Ինչպես նշվում է, բանակցություններին հաջորդած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է, որ կողմերին հաջողվել է ձեռք բերել պայմանավորվածություններ գործողությունների պլանի շուրջ, որն ենթադրում է վերջ դնել Սիրիայում բռնություններին ու մեկնարկել ճգնաժամի կարգավորմանն ուղղված քաղաքական գործընթաց:
«Մենք հայտարարում ենք պլանի մասին, որը մեկնարկային կարող է լինել խնդրի խաղաղ կարգավորման տեսանկյունից»,- հայտարարել է Ջոն Քերին:
Մասնավորապես, Մոսկվան և Վաշինգթոնը պայմանավորվել են, որ Սիրիայի բանակը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում՝ այդ թվում նաև թռիչքները ու ավիացիոն գործողությունները: Ապառազմականացված գոտին և կրակի դադարեցման պունկտը պետք է տարածվի նաև Հալեպի վրա, որպեսզի հնարավորություն լինի այնտեղ արագորեն հումանիտար օպերացիաներ իրականացնել:
Պայմանավորվածություններից հաջորդը վերաբերում է ընդդիմադիրների շարքերը ահաբեկիչներից մաքրելուն, որը պետք է իրականություն դառնա փորձագիտական հատուկ կենտրոնի գործարկման միջոցով, որտեղ ներգրավված կլինեն նաև հատուկ ծառայությունների աշխատակիցները:
«Ռուսաստանը և ԱՄՆ-ն կոչ են անում բոլոր կողմերին կրակի դադարեցման պարտավորություն ստանձնել: Կա հստակ ժամանակացույց, այն գործելու է սեպտեմբերի 12-ին 00.00 ժամին»,- հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին: