Տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի 2016-2017 թթ. ուսումնական տարվա բացման հանդիսությունը
Այսօր, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել ճեմարանի 2016-2017 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ 2016-2017 թթ. ուսումնական տարվա կապակցությամբ ներկաներին իր խոսքն է ուղղել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
«Այսօր մենք` ճեմարանականներս, այստեղ ենք եկել` հայցելու Հայոց Հայրապետի օրհնությունը և հաստատելու մեր պատրաստակամությունը` լծվելու աշխատանքի և ուսման, որ ի լրումն ժամանակի պիտի վերածվի ու թարգմանվի ծառայության:
Այս ամենն իրականացնելու համար մեզ առաջիկա տարվա ընթացքում սպասվում են մի շարք ծրագրեր, որոնց իրագործումը, հուսով ենք, էլ առավել պիտի զարգացնի ճեմարանի կրթական մակարդակը», - ասել է տեսուչ Հայր Սուրբը:
Նա նշել է, որ 2016-2017 թթ. ուսումնական տարվա ծրագրերի իրականացումն սկսվել է դեռևս ամռան ընթացքում, Ճեմարանի գիտական խորհրդի կողմից ակտիվորեն քննարկվել են նաև մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն զարկ տալու ուսումնական գործընթացի զարգացմանը: Այդ կարևոր ծրագրերից է Գևորգյան հոգևոր ճեմարանի կրթության վերածումը երկաստիճանից եռաստիճանի, ինչը շրջանավարտներին հնարավորություն կընձեռի պաշտպանելու թեկնածուական ատենախոսություններ և ստանալու աստվածաբանության թեկնածուի աստիճան:
Հայր Գարեգինը տեղեկացրել է նաև, որ առաջիկա տարում հրավիրվելու են մի շարք գիտաժողովներ աստվածաբանության, Սուրբ Գրքի, պատմության և այլ բնագավառներում: Հոկտեմբերի 6-8-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի Աստվածաշնչագիտական միջազգային գիտաժողովը՝ նվիրված Ոսկան Երևանցու տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին:
Հանդիսությունն ամփոփվել է Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով, ով անդրադարձել է նաև Արցախ կատարած այցին, ի մասնավորի` արցախահայության և Հայոց բանակի զինվորների քաջարի ոգուն և զորեղ հավատին: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է, որ այդ ոգու ձևավորման մեջ իր մասն ու բաժինը ունի նաև Հայոց Եկեղեցին` թեմերում սպասավորող հոգևորականներով և բանակում իրենց նվիրյալ ծառայությունն իրականացնող գնդերեցներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները