ՀՀ-ում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները դարձել են լուրջ ժողովրդագրական սպառնալիք. Սեմինար-քննարկում
Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով: Եթե այպես շարունակվի, ապա մինչև 2060 թվականը Հայաստանը կորցնում է 93 հազար աղջիկ կամ ապագա մայր: Տվյալները ներկայացված են «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակում պատրաստված թերթիկների վրա:
«Պատճառները շատ են, որ կանայք ընդհատում են հղիությունը, երբ իմանում են աղջիկ են ունենալու: Կարծում են, որ տղաներն ընտանիքի պաշտպաններն են, ընտանիքի հաց վաստակողներն են, ապագա զինվորներ են: Սակայն ապագա զինվոր ասելով չեն մտածում, որ եթե այդ աղջիկները չծնվեն, հետագայում արդեն զինվորներ էլ չեն ծնվի»,- «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպված «Պպտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, դրանցով պայմանավորված ժողովրդագրական իրավիճակը, խնդիրները և հնարավոր լուծումները» սեմինար-քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց հանրային առողջապահության մասնագետ, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» գիտահետազոտական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Ինեսա Չիլինգարյանը:
Նշենք, որ սեմինարը կազմակերպվել է «Սեյվ դը Չիլդրեն» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից հայտարարված «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Ի. Չիլինգարյանի խոսքով, այսօրվա սեմինարին մասնակցում են հիմնականում գինեկոլոգներ:
«Հենց նրանք են առաջինը շփվում այն կանանց հետ, ովքեր ուզում են սեռով պայմանավորված ընդհատել հղիությունը: Բժշիկները պետք է ամեն կերպ համոզեն կնոջը, ով, լինում են դեպքերում, այդ քայլին է գնում, քանի որ ընտանիքն է ստիպում, ներկայացնել, թե նման քայլն ինչ բացասական ազդեցություններ կարող է ունենալ առողջության վրա»,- ասաց նա:
Ներկայացված տվյալներով, օրինակ, Չինաստանում, որը պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների ցուցանիշով առաջինն է աշխարհում, միջին ցուցանիշը կազմում է՝ 118 տղա 100 աղջկա դիմաց, Հայաստանում կան մարզեր, որտեղ ցուցանիշը կազմում է 124 տղա-100 աղջիկ, Երևանում՝ 115 տղա-100 աղջիկ: Ամենացածր ցուցանիշը Սյունիքի մարզում է: Ըստ նրա, հետազոտությունները ցույց են տալիս, որ գյուղական համայնքներում ցուցանիշն անհամեմատ բարձր է, քան քաղաքային համայնքներում:
Ըստ Ի. Չիլիգարյանի, այս տվյալները մտահոգիչ են, ծունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայում ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել և դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով, ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով:
Սեմինարի մասնակից մանկաբարձ- գինեկոլոգ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրդինատուրայի առաջաին կուրսի ուսանող Ինեսա Ծատուրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ մասնագետները միանշանակ պետք ամեն կերպ համոզեն, որ կինը հրաժարվի գնալ հղիության արհեստական ընդհատման միայն այն պատճառով, որ աղջիկ է ունենալու: Նա ընդգծեց, որ արհեստական ընդհատումն կնոջ առողջության վրա ազդեցություն է ունենում, հաջորդ անգամ հղիանալու հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ:
«Բացի այդ, նաև կնոջ վրա է հոգեբանորեն ազդում, հատկապես այն դեպքում, եթե նման քայլի է գնում ամուսնու կամ ընտանիքի մեկ այլ անդամի պահանջով»,- նշեց գինեկոլոգը՝ միաժամանակ հավելելով, որ տարիների ընթացքում սեռով պայմանավորված արհեստական ընդհատման դեպքերը նվազում են:
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Սարգիս Աբովյանը լրագրողներին ասաց, որ այս հարցում շատ կարևոր է կրթական մակարդակը:
«Օրենքով արգելված է պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները, սակայն կան օրենքը շրջանցելու ձևեր: Իրականում դժվար է հետ պահելը: Հայաստանում ասում են՝ երեխան Աստծո պարգև է, բայց հիվանդանոցում հենց առաջին պահին, երբ ասում են պտղի սեռը՝ աղջիկ, ականատես ենք լինում տխուր դեմքով մարդկանց, հիմնականում ամուսնու կողմից, կարծես թե էլ Աստծո պարգև չէ:
Ամենակարևորը՝ կրթական մակարդակն է, որը բերում է մենթալիտետի փոփոխության»,- ասաց երիտասարդ բժիշկը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան